211652_close_icon
views-count3127 դիտում article-date 12:44 07-02-2020

Դուք կարող եք Ձեր կողմնակիցների հետ շահել այս հանրաքվեն, բայց տանուլ տալ Հայաստանի ապագան․ Չալաբյանը՝ վարչապետին

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստին և դրա շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին և մի քանի հարց է ներկայացրել նրան։ Այս առնչությամբ նա Facebook-ի իր [url=https://www.facebook.com/AvetikNationalAgenda/posts/571997500051946]էջում [/url]գրել է. «Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ականատես եղան հիրավի պատմական գործողության։ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումից, բազմաթիվ պաթոսախառն, «ժողովուրդ» ու «քաղաքացի» բառերը անհարկի շահարկող, հաճախ անբովանդակ, երբեմն էլ զավեշտի հասնող բազմաթիվ պատգամավորական ելույթներից, հիմնական զեկուցողի խղճուկ, կցկտուր եւ ողջ գործը տապալող պատասխաններից հետո, իշխող ուժը ստիպված եղավ միացնել իր միակ ծանր հրետանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Փաշինյանը երեկ ունեցավ իր առավել տպավորիչ ելույթներից մեկը՝ հանգամանալից, արտաքուստ համոզիչ փաստարկներով, իր կողմնակիցներին նորից հեղափոխական պայքարի բարձրացնող, նրանց տարիների կուտակված ատելությունը նորից կոնկրետ մեկ թիրախի վրա ուղղորդող, «ժողովուրդ» տարողունակ եզրի հետ կրկին իրեն նույնացնող, քաղաքական մրցակիցներին նշավակող, յուրայիններին՝ գովերգող։ Համոզված եմ, որ Լենինը, Կաստրոն, կամ Մուսոլինին հիմա եթե արթնանային իրենց հավերժ քնից, կնախանձեին պարոն Փաշինյանի հռետորական տաղանդին։ Ես սակայն, արժանին հատուցելով նրան, կուզեի նաեւ մի քանի հարց ուղղել՝ Հարց 1: Եթե ամբողջ խնդիրը այն է, որ Հրայր Թովմասյանը ընտրվել է ոչ թե 12 տարով, ինչպես պահանջում է Ձեր «երազանքի Սահմանադրական դատարանի» մասին պատկերացումը, այլ 17 տարով, ինչու պարզապես չսահմանափակել նրա պաշտոնավարումը 12 տարով, եւ դրանով հանգուցալուծել այս ճգնաժամը։ Հարց 2: Եթե մինչեւ 2018 թվականը ընտրված ՍԴ անդամները ընտրվել են տվյալ շրջանում գործող օրենքին համապատասխան, ի՞նչ կոնկրետ մեղք ունեն նրանք, եւ ինչու պետք է դադարացվի նրանց պաշտոնավարումը։ Համոզվա՞ծ եք, որ այդ դեպքում նրանք հայց չեն ներկայացնի Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան, ինչպես Հունգարիայի դեպքում, եւ չեն շահի այն։ Եվ որքա՞ն ժամանակ կպահանջվի այդ դեպքում վերականգնելու Հայաստանի Հանրապետության հեղինակությունը, եւ ինչ նոր կորուստներ մենք կունենանք այդ ընթացքում Եվրոպական դատարանում։ Հարց 3: Եթե այս 7 դատավորներին վերագրվող հիմնական մեղքը նախկինում նախագահական ընտրությունների կեղծումը քողարկելն էր, ինչպես վարվել այն փաստի հետ, որ նրանցից առնվազն 5-ը նշանակվել է արդեն 2008 թ․ նախագահական ընտրություններից հետո, եւ չեն մասնակցել իրենց վերագրվող այդ գործողությանը։ Ինչո՞ւ պետք է նրանք պատասխան տան իրենց նախորդների արածի կամ չարածի համար։ Հարց 4: Եթե պնդում եք, որ այս դատավորների պաշտոնավարման դադարեցումը ճանապարհ կբացի իրապես անկախ Սահմանադրական դատարանի ձեւավորման համար, ինչպես կբացատրեք այն փաստը, որ 2019 թ․ այս Ազգային ժողովը մի քանի անգամ տապալել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ նոր, իրապես ապաքաղաքական թեկնածուների նշանակումը, եւ փոխարենը ի վերջո ընտրել է թեկնածուի, որը չէր թաքցնում իր կապերը իշխող քաղաքական մեծամասնության հետ։ Այս տրամաբանությամբ, չեք փորձում արդյոք Դուք ձեւավորել ոչ թե անկախ, այլ ենց Ձեզ ենթարկվող, Ձեր կամքը կատարող Սահմանադրական դատարան։ Հարց 5: Եթե 7 դատավորի պաշտոնավարում միաժամանակ դադարացվի, արդյոք դա կաթվածահար չի անի սահմանադրական արդարադատությունը մեր երկրում։ Չէ որ Վենետիկի հանձնաժողովը հատուկ նշել է իր կարծիքում, որ չի կարելի թույլ տալ դատավորների պաշտոնավարման միաժամանակյա դադարեցում։ Համոզվա՞ծ եք, որ կկարողանաք արագ 7 նոր, բարձրակարգ եւ իրապես անկախ դատավոր նշանակել, եթե ընդամենը մեկ դատավորի նշանակումը արդեն մեկ տարուց ավել տեւեց։ Ինչպե՞ս պետք է ընթանան իրավական գործընթացները այդ ընթացքում, ինչպես պետք է ընդունվեն մեր երկրի օրենքները։ Հարց 6: Եթե Սահմանադրության 168 հոդվածի 2) կետը աներկբա պահանջում է, որ Սահմանադրական դատարանը «մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը», ինչպես եք Դուք, որպես Կառավարության ղեկավար, ցանկանում սահմանադրական հանրաքվե կազմակերպել, առանց կատարելու Սահմանադրության պահանջը։ Համոզվա՞ծ եք, որ ես ու իմ պես մտածող բազմաթիվ մարդիկ պարտավոր կլինեն ճանաչել այդ հանրաքվեի արդյունքները։ Հարց 7: Մինչ այժմ Հայաստանում տեղի ունեցած ցանկացած սահմանդրական փոփոխություն, առնվազն հավուր պատշաճի, անցել է հանրային եւ մասնագիտական քննարկում, եւ ներկայացվել է միջազգային կառույցների (մասնավորապես Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի) հավանությանը։ Համոզվա՞ծ եք, որ առանց այդ ընթացակարգերը անցնելու, մենք կկարողանանք ստանալ այդ կառույցների աջակցությունը։ Համոզվա՞ծ եք, որ դա չի բերի Հայաստանի հետագա միջազգային մեկուսացմանը, մասնավորապես, մեր առանցքային գործընկեր Եվրոպական Միությունից։ Հարց 8: Ինչպես կբացատրեք այն փաստը, որ հենց Ձեր ելույթի օրը ՀՀ Նախագահը հրաժարվեց ստորագրել ԱԺ կողմից ընդունված երկու նոր օրենքի նախագծեր, եւ ուղարկեց դրանք ՍԴ՝ քննելու դրանց համապատասխանությունը սահմանադրությանը։ Որքան այդպիսի նոր օրենքներ եք Դուք ցանկանում անցկացնել ԱԺ-ով, սահմանափակելով իմ եւ իմ պես մտածող այլ բազմաթիվ մարդկանց սահմանադրական իրավունքները (տվյալ դեպքում խոսքը վերաբերվում էր բանկային գաղտնիքին): Հարց 9: Ինչո՞ւ եք այդպես շտապում, եւ ինչն է Ձեզ ստիպում շտապել։ Ի՞նչ միջազգային համաձայնագրեր եք Դուք ցանկանում վավերացնել, որտեղ Ձեզ պետք է նոր Սահմանադրական դատարանի համաձայնությունը։ Ի՞նչ եք Դուք ցանկանում անել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Ինչ համաձայնագիր եք բանակցում Արցախի շուրջը, եւ ինչու մենք, քաղաքացիներս, պատկերացում չունենք արդեն մեկ տարի ընթացքող բանակցություննրեի բովանդակության վերաբերյալ։ Այս եւ շատ այլ հարցեր կախված են լինելու օդում, եւ Դուք պարտավոր եք դրանց պատասխանները տալ, եթե ցանկանում եք լեգիտիմ արդյունք ստանալ։ Այլապես, Դուք կարող եք նույնիսկ Ձեր կողմնակիցների հետ շահել այս հանրաքվեն, բայց տանուլ տալ Հայաստանի Հանրապետության ապագան, դեմ հանդիման մնալով օր օրի ավելացող խնդիրների, երկրում աճող դժգոհության, տարակուսած եւ ձեռքերը լվացող միջազգային կառույցների, եւ նաեւ իր ոգեւորությունը չթաքցնող հակառակորդի հետ։ Եթե չունեք այս հարցերի պատասխանը, գուցե նաեւ ընդունեք, որ պետք է դրանք բոլորովս միասին գտնենք, եւ միասին էլ նոր լուծումներ մշակենք, որոնք կլինեն իրավականորեն հիմնավոր, քաղաքականորեն հավասարակշռված, մեզ միավորող, եւ դրանով իսկ մեր երկրի լավագույն ապագային ծառայող»:

Նմանատիպ նյութեր