211652_close_icon
views-count16512 դիտում article-date 13:59 05-02-2020

Պատգամավորներն առաջարկում են ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդներին վարչական տույժի ենթարկել

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: «[url=https://armenpress.am/arm/news/1003722.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Դալլաքյանի և Արտյոմ Ծառուկյանի ներկայացրած փոփոխություններով առաջարկվում է վարչական տույժ կիրառել դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդների նկատմամբ: «Առաջարկում ենք, որպեսզի դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաև վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները: Օրենքների նախագծերի փաթեթով սահմանվում է վարչական տույժ՝ 20 հազար ՀՀ դրամի չափով այն վարորդների նկատմամբ, ովքեր դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը չեն երթևեկի ձմեռային անվադողերով, և 5000 ՀՀ դրամի չափով, ովքեր կվարեն առանց մոտակա լուսային լապտերները միացնելու»,- ասաց Դալլաքյանը: Կառավարության ներկայացուցիչ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանն առաջարկեց օրենքի նախագծից հանել մոտակա լուսային լապտերները չմիացնելու դեպքում սահմանվող վարչական տույժի հատվածը:

Նմանատիպ նյութեր