211652_close_icon
views-count4075 դիտում article-date 14:00 02-02-2020

Չինաստանի Ուհան քաղաքից ՀՀ քաղաքացի է տեղափոխվել Ղազախստան

Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Հայտնում ենք, որ փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղազախստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար»,- գրել է ԱԳՆ խոսնակը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հունվարի 29-ին հանդիպել էր ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: ՉԺՀ դեսպանն ընդգծել էր չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձ էին կատարել նաև ՉԺՀ Հուբեի նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտնեց, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված շուրջ 400 ՀՀ քաղաքացիների հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում: ՀՀ դեսպանության կողմից նաև քայլեր են ձեռնարկվում հնարավորության սահմաններում ՀՀ քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նաև հավելեց, որ ՀՀ ԱԳՆ-ն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակաբար կապ են պահպանում ՉԺՀ կառավարության և այլ գործընկեր երկրների, դրանց դեսպանությունների հետ ՀՀ քաղաքացիների տարհանման հարցի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր