211652_close_icon
views-count5061 դիտում article-date 20:24 01-02-2020

Տեր Պետրոս քահանա Մալյան. Այլախոհ անհատի նկատմամբ ամբոխային հետապնդումները, որ կային կոմունիստական տարիներին, այսօր էլ կրկնվում են

Տեր Պետրոս քահանա Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց ովքեր հիշեցին և շնորհավորեցին, համեստ անձիս տարեդարձը: Շուրջ կես դար է ինչ ծառայում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում և կեսդարյա դժվարին, քարքարոտ, բայց պատվաբեր ճանապարհից մի քանի խոսք եմ ցանկանում ասել: Աստծուն փառք եմ տալիս, որ այս ճանապարհի դժվարությունները միշտ հաղթահարել եմ ընտանիքիս, զավակներիս հետ: Միայն քահանայի ընտանիքի անդամները կհասկանան թե ի՞նչ է նշանակում հալածվել, հետապնդվել կոմունիստական իշխանության կողմից, անցնել բազմության (ամբոխի) ուղղորդված բացասական վերաբերմունքով, սեփական մաշկի վրա ամեն օր զգալ աշխարհիկ իշխանությունից մերժվածությունը: Այդ ամենը իր հերթին բերել է նաև նյութական զրկանքներ, որոնք վհատելու փոխարեն անընդհատ ամրացրել են իմ երեք զավակների արժեքային համակարգը: Նրանք դաստիարակված չեն լռելու կեղծիքի, ստի, անարդարության հանդիպելիս: Ես երջանիկ ծնող եմ: Իմ զավակները իրենց համառությամբ և սկզբունքայնությամբ իմ շարունակությունն են: Ամեն պատարագի ընթացքում, երբ Սուրբ Խորանից քարոզում եմ խոնարհություն, սեփական եսը համընդհանուր ՄԵՆՔ-ի մեջ տարալուծելու կարողություն, ես դա անում եմ անկեղծ, ես ապրում եմ այդպես: Այս տարեդարձս նշանավորվեց նաև նրանով, որ ավագ որդուս գործունեության արդյունքում ակամա դարձել եմ հանրային անձ: Մերձավորներիս, հավատացյալ ուխտավորների բարեմաղթանքները բազմապատկվել են ինձ անծանոթ մարդկանց շնորհավորական խոսքերով: Ինչու՞ եմ այս մտքերով հանրային կերպով կիսվում: Դժվարին ժամանակներ ենք ապրում: Այլախոհ անհատի նկատմամբ ամբոխային հետապնդումները այս օրերին կրկնվում են: Առատաձեռն վարձատրվում են Եկեղեցու նկատմամբ ատելություն և հակաքարոզ իրականացնող որոշ արծաթասերներ: Այս ամենը ժամանակավոր է, արծաթասերները բացի այսրոպեական շահից երբեք որևէ գաղափար չեն հետապնդել: Վստահ եմ, որ իմ զավակները պատվով կհաղթահարեն նաև հավատաքննության այս փուլը: Աղոթում եմ բոլորի համար, հատկապես այն մոլորյալների համար, ովքեր կարծում են, որ արծաթը կարող է պայքարել հավատի դեմ ու հաղթել: Սիրով և օրհնությամբ՝ Պետրոս ավագ քահանա Մալյան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր