211652_close_icon
views-count7217 դիտում article-date 18:50 01-02-2020

Պեղումներ են իրականացվել «Կարմիր եղցի» եկեղեցական համալիրի տարածքում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք է գտնվում IX-XII դարով թվագրվող «Կարմիր եղցի» հուշարձանը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի մասնագետ Լևոն Մկրտչյանի գլխավորած հնագիտական արշավախումբը նախորդ տարվա դեկտեմբերին «Կարմիր եղցի» եկեղեցական համալիրի տարածքում պեղման և մաքրման աշխատանքներ է իրականացրել։ Արշավախումբը խնդիր էր դրել բուսականությունից և խոտածածկույթից մաքրել եկեղեցու, նրան կից գավթի ներսի հատվածը, ուսումնասիրել՝ հուշարձանի արտաքին պատերը։ Սակայն, նկատի ունենալով եղանակային պայմանները (պեղումների նախորդ օրերին առատ ձյուն էր տեղացել և հողաշերտը սառած էր) հնագետները մաքրել ու պեղումներ են իրականացրել միայն եկեղեցու տարածքում` գավիթը թողնելով հետագա պեղումներին: Հնագիտական արշավախմբի ղեկավար Լևոն Մկրտչյանի փոխանցմամբ, մինչև պեղումները սկսկելը եկեղեցու և գավթի տարածքը՝ մոտ 2 մ լայնքով ազատվել է ծառերից և մացառներից։ «Եկեղեցու պատերը, որոնք պահպանվել են 2 մ և ավելի բարձրությամբ՝ ամբողջովին ծածկված էին բուսականությամբ և հողաշերտով։ Մասնավորապես հարավային, արևելյան և արևմտյան պատերին խոշոր ծառեր էին աճել, որոնք պատաշարի քարերը առանձնացրել էին իրարից։ Այս ամենը մաքրելուց հետո բացվել է պատաշարի կրաշաղախով պատված և մանր քարերով լիցքը։ Բուսականությունից և խոտածածկույթից մաքրվել է նաև եկեղեցու ներսը, որտեղ բացվել է քարե սալահատակը»,- իր խոսքում ասել է Լևոն Մկրտչյանը։ Արշավախումբը եկեղեցու հյուսիսային, արևելյան և հարավային արտաքին մասերում՝ 1 մ լայնքով պեղել և բացել է եկեղեցու հիմքերը։ Արձանագրվել է, որ սրբատաշ պատաշարի առաջին քարերը դրված են անտաշ, խոշոր գլաքարե (հյուսիս) և բազալտե (հյուսիս-արևելայն և հարավ-արևելյան անկյուն) հիմնաքարերի վրա, որոնք արևելյան և հարավային մասերում ծածկվել են ավազի և մանր քարերի լիցքով։ Լևոն Մկրտչյանի խոսքով, հուշարձանի արևմտյան մասը, որը ընկնում է գավթի մեջ՝ մաքրվել է հյուսիս-արևմտյան անկյունից մինչև եկեղեցու մուտքը։ Գրեթե 2 մ լայնքով հեռացվել է խոտածածկը և հողաշերտը, որը հաստ չէր և արդեն 10-15 սմ խորությունից բացվել է գավթի մանր ու միջին քարերով սարքված սալահատակը։ Այն ծածկված է եղել կրաշաղախով, որը պահպանվել էր տեղ-տեղ։ Պեղումների ընթացքում հայտանբերվել են միջնադարին բնորոշ խեցամանի բեկորներ, որոնք հավաքվել և անձնագրավորվել են։ Հ․ Գ․Վանական համալիրը եղել է Փառիսոսի թագավորության Միափոր գավառի նշանավոր վանքերից։ Այն պատմական աղբյուրներից առավել հայտնի է Խամշի անունով և IX–XI դդ. հանդիսացել է Աղվանից կաթողիկոսության կենտրոն։ 1980-ական թթ երկրորդ կեսին հնագիտության ինստիտուտի արշվախումբը՝ Գ․Կարախանյանի գլխավորությամբ այստեղ կատարել են հնագիտական պեղումներ։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր