211652_close_icon
views-count1494 դիտում article-date 14:26 01-02-2020

Ուրախալի է, որ այս տարվա տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերության աճը. Էկոնոմիկայի նախարար

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թ. կազմել է 7.8%, որը ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ ամենաբարձրն է հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թ.: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով նախորդ տարվա արդյունքներին: «Ուրախալի է, որ այս տարվա տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերության աճը․ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 9 տոկոս, իսկ ինչը նշանակալի է, մշակող արդյունաբերությունը գրանցում է առաջանցիկ աճ, որի ցուցանիշները շուտով կամփոփվեն»,- ասել է նախարարը։ Ըստ Խաչատրյանի, աճը պայմանավորված է զգալի չափով արտահանման հետ. կոնյակի արտահանումն այս տարի գերազանցել է 26 տոկոսը, տպավորիչ է նաև գինիների արտահանման աճի ցուցանիշը, որից մրգային գինիների աճը կազմել է 75 տոկոս, իսկ 26 տոկոսով աճել են խաղողի գինիները։ Զարգացող նոր ուղղություններից է շոկոլադը, որի աճը կազմում է 14.2 տոկոս։ «Շինարարությունն է աճել աննախադեպ՝ 4.6 %-ով, ծառայությունները գրանցել են 15%-ի աճ։ Ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք զբոսաշրջության դինամիկ աճ. եթե 9 ամսվա տվյալներով զբոսաշրջությունն աճել էր 14,4%-ով, ապա տարեկան նախնական տվյալները հուշում են, որը աճը կկազմի 15%: Նաև նկատում ենք, որ էական աճ կա հանրային սննդի և գիշերակացի ծառայություններում՝ 27%, ինչը նշանակում է, որ ներգնա զբոսաշրջությունը լավ պայմաններ է ստեղծել փոքր ու միջին բիզնեսի համար»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դեռևս չի ամփոփվել տարեկան համախառն ներքին արդյունքի աճը, սակայն, իրենց գնահատականներով, այն կգերազանցի նաև մեր վերջին կանխատեսումները, այսինքն՝ տնտեսական աճը 2019 թ. կլինի 8%-ի սահմաններում։ Ի՞նչ կանխատեսումներ կան ընթացիկ տարվա համար, հարցին՝ նախարարը պատասխանել է. «Դեռևս ձեռնպահ կմնամ կանխատեսումներից, փոխարենը կվերահաստատեմ, որ մեր կառավարությունը հանձնառու է իր տնտեսական քաղաքականության շրջանակում անել առավելագույնը, որպեսզի 2020 թ. ևս արձանագրենք նախորդ տարվա դրական արդյունքին համահունչ արդյունքներ՝ շարունակելով ապահովել կանխատեսելի, կայուն և հավասար միջավայր տնտեսական կյանքի բոլոր մասնակիցների համար։ Եվ այն խնդիրները, որ նախորդ տարի նկատել ու հավաքագրել, սակայն չենք հասցրել լուծել ամբողջությամբ, այս տարի փորձելու ենք պահել մեր ուշադրության կենտրոնում և յուրաքանչյուրի համար հետևողականորեն գտնել համապատասխան լուծումներ»։

Նմանատիպ նյութեր