211652_close_icon
views-count3623 դիտում article-date 09:42 01-02-2020

Արարատ Միրզոյանի 2-րդ սայթաքումը․ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը չեղարկվեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ արդեն երկրորդ անգամ չեղարկել իր իսկ կայացրած որոշումներից մեկը: Բանն այն է, որ հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնությունն է, որով փորձ է արվում Սահմանադրական դատարանին չեզոքացնել սահմանադրական փոփոխություններին մասնակցություն ունենալուց: ԱԺ նախագահը որոշում է ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցումներով, մինչդեռ այդպիսի իրավունք չունի: «ԱԺ կանոնակարգ-օրենքը» սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում, սակայն ԱԺ խորհուրդը նախօրեին նիստ չէր գումարել, ինչի պատճառով որոշման հրապարակումից ժամեր անց այն ջնջվեց ԱԺ կայքից: Եվ, ահա, երեկ ԱԺ նախագահը նոր որոշում է ընդունել և դրանով անվավեր ճանաչել նախորդ որոշումը: Հետաքրքիրն այն է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ազգային ժողովի նախագահը չեղարկում է իր նախորդ որոշումը իր չիմացության պատճառով: Նախորդ անգամ խոսքը վերաբերում էր Ազգային ժողովի աշխատակազմի կրճատմանը, և այդ անգամ ևս նոր հաստիքացուցակը չէր հաստատվել ԱԺ խորհրդի կողմից: Արդեն երկրորդ անգամ սայթաքումը վկայում է, որ ԱԺ նախագահը դեռևս ամբողջովին չի յուրացրել «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ի դրույթները կամ էլ չունի համապատասխան խորհրդատուներ, որոնք կարող են այսպիսի իրավիճակներում ճիշտ ելքեր ցույց տալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր