211652_close_icon
views-count2707 դիտում article-date 21:54 31-01-2020

«Կառավարության և ՍԴ-ի միջև լարվածությունն աննախադեպ մակարդակի է հասել և կարող է լուրջ վնաս հասցնել ողջ դատական իշխանությանը». ԵԽԽՎ դիտորդները խիստ մտահոգված են Հայաստանում ստեղծված իրավիճակով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական [url=http://www.assembly.coe.int/nw/xml/News/News-View-EN.asp?newsid=7786&lang=2&cat=9&fbclid=IwAR362cOhiDb93T0Vb6MLi3do6XqrbWVPDP6duHSRnKbKr6ClFMnPXUTNZgk]կայքը[/url]: «Մենք անհանգստացած ենք Հայաստանում երկու իշխանական ճյուղերի`Վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի միջև առկա բարձր լարվածությամբ»,-հայտարարել են ԵԽԽՎ-ում Հայաստանի մոնիթորինգով զբաղվող համազեկուցողներ սլովենացի Անդրեյ Շիրչելն ու ֆինլանդացի Կիմո Կիլյունենը: «Վերահսկողությունն ու հակակշիռներն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ ուժերը պետք է գործեն ըստ օրենքի գերակայության, և հարգեն այն իրենց գործով և խոսքով, ներառյալ անմեղության կանխավարկածը: Եթե նրանք չեն կարողանում համագործակցել այս սկզբունքների համաձայն, նրանք քայքայում և վնասում են միմյանց: Ուստի մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասներից, որոնց կարող է հանգեցնել այս լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի: Վնաս կարող է հասցվել ամբողջ դատական իշխանությանը, որի նկատմամբ վստահությունն առանց այն էլ շատ ցածր է», - նշել են դիտորդները: «Մինչ այժմ կառավարությունն ու խորհրդարանը հարգել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերը: Ավելին, իշխանությունները հարցրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու մեխանիզմի վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ համաձայն եվրոպական ստանդարտների ՝ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելը պետք է լինի խիստ կամավորության սկզբունքով, և որ այդ սկզբունքը պետք է պահպանվի: Որպես համազեկուցողներ, մենք ուշադիր հետևելու ենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս ճանապարհով»,- տեղեկացրել են համազեկուցողները: Համազեկուցողները տեղեկացրել են նաև, որ Հայաստանում քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կընկալվեն որպես ճնշում դատական համակարգի վրա և կոչ են արել բոլոր կողմերին նվազեցնել ստեղծված լարվածությունը, որը կարող է վնաս հասցնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնցով շահագրգռված է նաև Եվրոպայի խորհուրդը:

Նմանատիպ նյութեր