211652_close_icon
views-count1984 դիտում article-date 14:54 31-01-2020

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին սպանդանոցների կառուցման եւ շահագործման գործընթացների հետ կապված խնդիրներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական մարմնի Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Արշակ Էլիզբարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, նույն վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, ՏԻ եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, քննության առնվեցին մարզում սպանդանոցների կառուցման եւ շահագործման գործընթացների եւ չափորոշիչների հետ կապված խնդիրներ: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական մարմնի Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Արշակ Էլիզբարյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզում սպանդանոցների կառուցման եւ շահագործման չափորոշիչներին ծանոթանալու նպատակով մարզպետարան ու տեսչական մարմին են դիմել երեսուն ֆիզիկական անձինք, որոնց օնլայն կամ փաստաթղթային կարգով տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն: Բացի այդ, սննդի անվտանգության տեսչական մարմնի եւ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կողմից կատարվել է որոշակի ուսումնասիրություն՝ դիմող անձանց ունեցած համապատասխան միջոցների, հնարավորությունների, հավանական ներդրումների եւ այլ հարցերի շուրջ: Մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ այս հրատապ հարցի կարգավորումը պահանջում է կշռադատված մոտեցում ու մանրակրկիտ եւ բազմակողմանի վերլուծություն, որպեսզի պետությունը հնարավորինս հեռու մնա բիզնես շահեր հետապնդող ոլորտի գործունեությանը որեւէ կերպ միջամտելու քաղաքականությունից: «Մենք պետք է այնպես աշխատենք, այնպես հստակեցնենք մեր անելիքները, օրենսդրական դաշտն ու սահմանված չափորոշիչները, որպեսզի որեւէ բաց տեղ չմնա: Պետությունն այստեղ ոչ թե պետք է թելադրի, այլ պետք է ընդամենը ուղղորդի եւ աջակցի բիզնեսին: Մեր նպատակը ոչ թե հարցի ձեւական կողմի ապահովումն է, այլ անասնասպանդանոցների լիակատար գործունեության ապահովումը եւ անվտանգ ու մաքուր սննդամթերքի սպասարկման իրականացումը: Դիմողներին արտոնագիր պետք է տրամադրվի միայն այն դեպքում, երբ նորմատիվային բոլոր պահանջները բավարարվում են: Բայց, որպեսզի ամեն ինչ լինի իրատեսական, որպեսզի ապագա որոշումները ճիշտ կայացվեն, առաջարկությունները պետք է գնան ներքեւից, մեր մանրակրկիտ ու բազմակողմանի քննարկումների արդյունքում: Մինչեւ կառավարությունը կկայացնի համապատասխան որոշում, մենք պետք է համատեղ աշխատանքի արդյունքում ուսումնասիրենք ոլորտում առկա բոլոր խնդիրները, հստակեցնենք բոլոր կնճռոտ հարցերը, ճշգրտենք իրական անասնագլխաքանակը, տեղերում հանդիպումներ կազմակերպենք շահագրգիռ անձանց եւ կառույցների հետ, որպեսզի վերջնականապես ձեւակերպենք մեր անելիքները եւ մոտեցումները»,-առաջարկեց մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետի հանձնարարությամբ փետրվարի 3-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվելու է հերթական հանդիպումը անասնասպանդանոցի կառուցման ու շահագործման ցանկություն հայտնած անձանց հետ:

Նմանատիպ նյութեր