211652_close_icon
views-count4705 դիտում article-date 12:57 31-01-2020

Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցով որոշում կկայացվի առաջիկա երկու օրում. Արսեն Թորոսյան

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն իր նիստում քննարկել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցը. վերջնական որոշումը կլինի 1-2 օրվա ընթացքում: «[url=https://armenpress.am/arm/news/1003216.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Քիչ առաջ տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված` կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Դրա ընթացքում մենք քննարկեցինք ստեղծված իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները: Քննարկվեց նաև Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարց, որի վերաբերյալ մոտ ժամանակներս` 1-2 օրվա ընթացքում որոշում կկայացվի»,-ասաց Թորոսյանը: Նա նշեց` դա ենթադրում է նաև միջազգային պարտավորությունների շրջանակում փոփոխություններ, և ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես կգա: Հանձնաժողովի նիստում քննարկել են նաև Չինաստանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հարցերը: «Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային բժշկական կանոններով, կատարվում են: Դրա մեջ են մտնում են սահմանային հսկողությունից սկսած մինչև պացիենտների վերջնական ախտորոշումն ու վարումը»,-ասաց նախարարը: Նա նշեց՝ պարզապես փորձելու են նվազեցնել պոտենցիալ վտանգ ներկայացնող քաղաքացիների մուտքը Հայաստան: Հունվարի 30-ի ուշ երեկոյան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը արտակարգ կոմիտեի հանդիպումից հետո հայտարարել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ: Դա պայմանավորված է եղել նրանով, որ երեկ արձանագրվել է Չինաստանից դուրս մարդուց մարդ փոխանցման դեպք:

Նմանատիպ նյութեր