211652_close_icon
views-count2279 դիտում article-date 10:53 31-01-2020

Զանգվածն ամեն տեղ նույնն է՝ այլ կերպ չի կարող լինել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «20-րդ դարի ավստրիացի նշանավոր հոգեբան Վիկտոր Ֆրանկլը գրել է. «Ավելի հեշտ է բարձրացնել կամ նսեմացնել ցեղերը, քան գնահատել ամեն մի առանձին մարդուն»: Հոգեբանը, բնականաբար, նկատի ուներ ազգային խտրականության, ռասիզմի դրսևորումները՝ ինչպես հայտնի է, նա մի քանի տարի անցկացրել էր նացիստական համակենտրոնացման ճամբարում: Բայց Ֆրանկլի միտքը կիրառելի է նաև ցանկացած խմբի պարագայում: Եթե մարդն իրեն նույնականացնում է «լավերի», «սպիտակների» խմբի հետ, ապա դրա հաջորդ քայլը կարող է լինել «վատերին», «սևերին» ինչ-որ ձևով հետապնդելն ու պատժելը, ընդհուպ մինչև համակենտրոնացման ճամբար ուղարկելը: Եվ բացարձակապես կարևոր չէ, թե ինչ անհատական առանձնահատկություններ ունի «սևերի» այս կամ այն ներկայացուցիչը՝ դրանք այս դեպքում հաշվի չեն առնվում: Եթե մեկն ասում է՝ «մենք՝ գերմանացիներս», «մենք՝ արիացիներս», «մենք՝ բանվորներս», «մենք՝ հետերոսեքսուալներս», «մենք՝ բոլշևիկներս», «մենք՝ ակնոցավորներս», և այլն, ապա շատ հավանական է, որ նա թշնամական զգացմունքներ կունենա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն մտնում «ոչ-մենք»-ի խմբի մեջ`անկախ նրանից, թե ինչ մարդկային կամ մասնագիտական արժանիքներ ունի այդ «ոչ-մենքի» ցանկացած ներկայացուցիչ: Զանգվածային հոգեբանության համար գոյություն ունի միայն «մենք»-ը և «ոչ-մենք»-ը, այդպես հեշտ է ապրել, կարելի է բազմաթիվ խրթին հարցեր շրջանցել ու ինչպես ասում են՝ «խելքին զոռ չտալ»: Ամեն մի անհատի ընտրությունն է՝ տարալուծվել զանգվածի մեջ (միտումնավոր խուսափում եմ «ամբոխ» բառից, քանի որ այն իր մեջ բացասական երանգ է պարունակում), դրսևորել տվյալ խմբում ընդունված վարք, արտաբերել այդ խմբի կարծրատիպերին համապատասխան դատողություններ, թե փորձել դրսևորել անհատական մոտեցում: Երկրորդ պարագայում պետք է պատրաստ լինել, որ զանգվածները քեզ չեն «լայքի» և չեն «սրտիկի»: 2018-ի ապրիլին իշխանությունից հեռացածների և նրանց փոքրաթիվ համակիրների համար գոյություն ունի Նիկոլ Փաշինյանի թիմ («դավաճանները» մեջը), որի բոլոր անդամների ուշքն ու միտքն իրենց վատություն անելն ու ցավ պատճառելն է: Այդ թիմում նրանք հրաժարվում են տեսնել պետությանը նվիրված, պարկեշտ մարդկանց: Մյուս կողմից՝ Փաշինյանի բազմահազարանոց երկրպագուների համար գոյություն ունեն «մերոնք» և «թալանչիներ» ու բացարձակապես կարևոր չէ, թե ով ինչով է զբաղվել հեղափոխությունից առաջ: Հետաքրքիր է, որ կախված վարչապետի տրամադրությունից, զանգվածը կարող է հեշտությամբ «տեղափոխել» մարդկանց «սպիտակների» ճամբարից «սևերի» դաշտ և հակառակը: Օրինակ, Արթուր Վանեցյանը սկզբից «սպիտակ» էր, հետո դարձավ «սև» և, հակառակը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մինչև 18 թվականի ապրիլը «սև» էր, բայց հետո «սպիտակեց»: Թե ինչպես էին այդ մարդիկ ծառայում պետությանը, ինչ գիտելիքներ ու հմտություններ ունեն, որոնք են նրանց իրական թերությունները՝ դա զանգվածի համար բացարձակապես կարևոր չէ: Զանգվածն ամեն տեղ նույնն է՝ այլ կերպ չի կարող լինել: Պարզապես անհրաժեշտ է ընդունել, որ լինում են նաև անհատական մարդկային դրսևորումներ: Հոդվածն ավարտեմ ևս մի մեջբերմամբ՝ ամերիկացի փիլիսոփա Հենրի Թորոյից. «Եթե մարդը բոլորի հետ համաքայլ չի քայլում, դա, հնարավոր է, այն պատճառով է, որ նա այլ թմբկահարի է լսում»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր