211652_close_icon
views-count7177 դիտում article-date 18:46 30-01-2020

Ըստ Ալիևի, ժողովրդավարությունը խնձոր չէ, որ գնաս շուկայից գնես. Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը

Այսօր՝ հունվարի 30-ին, ԵԽԽՎ-ն քննարկել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդիրը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին, նշել է, որ այդ թեման մշտապես եղել է Եվրոպայի Խորհրդում քննարկվող թոփ թեմաներից մեկը։ Զոհրաբյանը նշել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանն իր խավիարակեր լոբբիստների միջոցով փորձել է տապալել Բաքվի քիմքին անհաճո զեկույցները եւ հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ում ստեղծված անկախ հետաքննող մարմինը, որը քննում է «Ադրբեջանական լվացքատան» ողջ կոռուպցիոն սխեման, կբացահայտի խավիարակիրների ամբողջ հետագիրծը։ Զոհրաբյանը, անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդավարության խնդրին, մեջբերել է Ալիեւին, ով հայտարարել է, թե ժողովրդավարություն խնձոր չէ, որ գնաս շուկա եւ հեշտությամբ գնես։ Հարգելի գործընկերներ, Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեման, այդ երկրի՝ ԵԽ անդամակցությունից ի վեր մեր Վեհաժողովի թոփ թեմաներից է։ Տասնյակ անգամներ Վեհաժողովը, ԵԽ նախարարների Կոմիտեն, Մարու Իրավունքների Եվրոպական դատարանը անդրադարձել են Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների լրջագույն խնդրին, բազմաթիվ բանաձեւերում կոչ անելով ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, խղճի բանտարկյալներին։ Եւ քանիցս մենք հենց այս ամբիոնից լսել ենք Ալիեւի ցինիկ պատասխաններն իր երկրում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ հարցերին։ Ես հիշում եմ խայտառակ 2013 թվականի հունվարըը, երբ մեր գործընկեր Շտրասերի՝ «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ» զեկույցը տապալվեց, ինչից հետո բացվեցին «Խավիարային դիվանագիտության» եւ «Ադրբեջանական մեծ լվացքատան» կոռուպցիոն սկանդալները, թե ինչպես եւ ինչ սխեմաներով է Ադրբեջանը կաշառել ԵԽԽՎ պատգամավորներին՝ Բաքվին ոչ հաճո զեկույցները տապալելու համար։ ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն Միլանի դատախազության կողմից մեղադրվեց Ադրբեջանից 2.3 միլիոն եվրո կաշառք ստանալու մեջ, բայց անկեղծորեն պիտի խոստովանենք, որ Լուկայի կողքին, մեղադրյալի աթոռին, այսօր պիտի նստեն ԵԽԽՎ նախկին եւ գուցե նաեւ ներկա որոշ պատգամավորներ եւ պաշտոնյաներ եւս, որոնք ադրբեջանական լվացքատան ակտիվ դերակատարներից են եղել։ Ու երբ ԵԽԽՎ այլեւս նախկին տխրահռչակ նախագահ Պեդրո Ագրամունտը ինձ դուրս էր հրավիրում դահլիճից, որպեսզի չլսի նաեւ իր անունը՝ ադրբեջանական կոռուպցիոն փաթեթում, ես հույս ունեմ, որ մեր կառույցում ստեղծված անկախ քննիչ հանձնաժողովը անվանական կնշի բոլոր կոռուպցիոներներին, ովքեր ամեն գնով մեր Վեհաժողովում պաշտպանել են սուտը, կեղծիքը եւ նպաստել են, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակի բանտերում խեղել հարյուրավոր քաղաքական բանտարկյալների՝ բլոգերների, իրավապաշտպանների, փաստաբանների։ Մեկ տարի առաջ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող տիկին Վարսդոտիրը իրավական հանձնաժողովում ներկայացրեց 130 անձից բաղկացած՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը։ Դա զարհուրելի էր։ Սակայն, շատ ավելի զարհուրելի է, երբ Ալիեւը, խոսելով Ադրբեջանում քաղբանտարկյալների եւ ժողովրդավարության մասին, հայտարարում է՝ «ժողովրդավարությունը խնձոր չէ, որ այդպես հեշտ ու հանգիստ գնաս ու գնես շուկայում»։ Ահա այսպես, հարգելի գործընկերներ։

Նմանատիպ նյութեր