211652_close_icon
views-count1848 դիտում article-date 14:20 30-01-2020

Հայաստանը Սերբիայի քաղաքացիների համար սահմանեց առանց մուտքի վիզայի ռեժիմ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու որոշման նախագծին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ 2019թ. հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում է ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Որոշումն ուժի մեջ է մտել ս.թ. նոյեմբերի 2-ին։ «ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։ Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ անհրաժեշտություն է առաջացել Սերբիայի քաղաքացիներին նույնպես ազատել ՀՀ մուտքի վիզայի պահանջից: Նախագծի ընդունման արդյունքում՝ Սերբիայի քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,- ասաց Ադոնցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց որոշման ընդունումը: «Լավ որոշում է, և այս միտումը՝ տարբեր երկրների հետ վերացնել վիզային ռեժիմը, կարծում եմ, լավ ուղղություն է մեր երկրի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան վարչապետի հարցի՝ Ավետ Ադոնցը նշեց, որ ներկայումս առանց մուտքի վիզային ռեժիմ ունենք 63 պետության հետ: Միաժամանակ ՀՀ ԱԳՆ-ի համար գերակայություն է մնում ԵՄ-ի հետ առանց մուտքի վիզային ռեժիմ սահմանելու շուրջ բանակցություններ սկսելը:

Նմանատիպ նյութեր