211652_close_icon
views-count11367 դիտում article-date 10:51 24-01-2020

Հենրիխ Մխիթարյանի տեղը լինեի, այդ դրվագում ձախ ոտքով կհարվածեի, ոչ թե աջ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հիմնական և, ըստ երևույթին, վերջնական վարկածը ինքնասպանությունն է: Դա, իհարկե, խիստ նվազեցնում է այս կամ այն կողմի շահարկումների հնարավորությունը: Բայց հիմա էլ, ինչպես տեսնում ենք, քարոզիչները «գործ ունեն անելու»՝ օդի մեջ պնդելով, որ Կուտոյանին ինքնասպանության են հասցրել կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Նիկոլ Փաշինյանը: Բայց, եթե վերանանք տեղեկատվական աղմուկից և ընդունենք, որ պաշտոնական վարկածը ճիշտ է (իսկ այս դեպքում ես հակված եմ դրան հավատալու), ապա պատճառները կարող են լինել թե անձնական և թե, այսպես ասած, «հասարակական»: Առաջինի մեջ խորանալն, ինձ թվում է, սխալ է և անպատեհ: Իսկ «հասարակականը», կարծում եմ, կարող է հետաքրքրություն ներկայացնել կարևոր երևույթներ արձանագրելու համար: Գեորգի Կուտոյանին ճանաչողները պնդում են, որ նա, պարկեշտ և պատասխանատու մարդ լինելով, իրեն մեղավոր էր զգում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը չկանխատեսելու և չկանխելու համար: Դրան, շատ հավանական է, ավելանում էին նախկին պալատականների «պայմանական եղանակով» արվող դատողությունները՝ «այ, որ ես լինեի այն ժամանակ ԱԱԾ պետ, ես այսպես կանեի»: Դրանք իրոք պարապ խոսակցություններ են. հեղափոխության միակ «պատասխանատուն» Սերժ Սարգսյանն է, ավելի ճիշտ, նրա որոշումը՝ շարունակել ղեկավարել երկիրը վարչապետի պաշտոնում: Դրա «ծանրացուցիչ հանգամանքներն» են, որ այդ նպատակով փոխվեց երկրի սահմանադրությունը, իսկ փոխելուց առաջ Երրորդ նախագահը հայտարարել էր, որ չի հավակնելու վարչապետի աթոռին: Շախմատային խաղերի մեկնաբանություններում նման քայլերից հետո դրվում է երեք հարցական նշան (???), ինչը նշանակում է՝ «անմիջապես արագ պարտության տանող քայլ»: Նրանք, ովքեր 2015-17 թվականներին հավաստիացնում էին, որ «սահմանադրական փոփոխություններ-երկրի ղեկավարի անփոփոխություն» օպերացիան հարթ է անցնելու (նրանց թվում գուցե կար Գեորգի Կուտոյանը), կրում են պատասխանատվության թերևս 1 տոկոսը: Մինչ հիմա ՀՀԿ-ն այս ամենի մասին պարզ և շիտակ չի խոսում՝ բողոքելով հեղափոխականների պոպուլիզմից և ինչ-որ «տեխնոլոգիաներից»: Դրանք չէին աշխատի, եթե չլիներ քաղաքացիների ճնշող մեծամասնության ցասումը, որի դեմ անզոր է ԱԱԾ-ն կամ որևէ այլ պետական կառույց: Բայց որ պալատականները մեղավորներ են փնտրում, չեմ զարմանում՝ մարդկային հոգեբանությանը հատուկ է փնտրել պարտությունների պատճառները ինչ-որ «ցավալի մանրուքների», ոչ թե հիմնարար սխալների մեջ: Ինչ մնում է ինքնագովաբանմանը՝ «ես լինեի, այսպես կանեի», ապա դա ծանոթ է. մարդիկ ինձ էլ են հաճախ հուշում, թե, օրինակ, ինչպես է պետք հարցազրույց վարել՝ «բա խի՞ չասիր՝ այ…»: Դա մի քիչ նման է, որ ես հայտարարեմ՝ «Հենրիխ Մխիթարյանի տեղը լինեի, այդ դրվագում ձախ ոտքով կհարվածեի, ոչ թե աջ»: Ամենադժվարը, սակայն, «Հենրիխ Մխիթարյանի տեղը լինելն» է՝ դրա համար պետք է առնվազն 20 տարի ամեն օր մարզվել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսպրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր