211652_close_icon
views-count2088 դիտում article-date 23:20 23-01-2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ

Հունվարի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ: Հանդիպման սկզբում Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի՝ Հայաստանում ներկայացուցչություն հիմնելու որոշման համար: Ողջունելով իր գործընկերոջը՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Մենք ականատեսն ենք մեր երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Ունենք շատ լավ երկկողմ օրակարգ, որը ներառում է տարբեր ոլորտներ, մենք առևտրի ու տնտեսական ոլորտներում, քաղաքական երկխոսության առումով արձանագրել ենք լավ ցուցանիշներ: Այս այցը կոչված է ակտիվացնելու մեր երկխոսությունը. ակնկալվում է բարձր մակարդակի այցերի շարունակականություն: Մենք պատրաստակամ ենք ձևավորելու հարթակ մեր հասարակությունների, ժողովուրդների միջև տարբեր բնագավառներում սերտ համագործակցության համար, ինչպիսիք են՝ առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության ոլորտները: Լինելով գրեթե երկու տարվա կառավարություն՝ մենք խիստ հետևողական ենք՝ շարունակելու բարեփոխումների գործընթացն ընտրությունների ընթացքում մեր հասարակությունից ստացած լայն մանդատի հիման վրա: Մեր ջանքերը ստանում են նաև միջազգային աջակցություն, ունենք ուժեղ հանձնառություն, լուրջ տրամադրվածություն՝ շարունակելու այս ուղղությամբ համագործակցությունը նաև մեր գործընկերների հետ: Ձեր այցը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ ականատես ենք հետաքրքիր զարգացումների տարածաշրջանում և աշխարհում, ինչը նույնպես հանդիսանալու է մեր այսօրվա օրակարգի մաս: Ջերմորեն ողջունում եմ Ձեզ և ակնկալում եմ արդյունավետ քննարկում»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկն ընդգծեց. «Ինձ համար սա մեծ պատիվ է, և ուրախ եմ լինել Նիդերլանդների առաջին ԱԳ նախարարը, ով այցելում է Հայաստան: Մենք խիստ հետաքրքրված ենք այստեղ տեղի ունեցող զարգացումներով և շատ ենք կարևորում այն առաջընթացը, որին ականատես ենք եղել այս տարիներ ընթացքում»: Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս հետագա ամրապնդման ուղղությամբ քայլերի կարևորությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման միջոցով: Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում արտգործնախարարներն ուղենշեցին առկա մեծ ներուժի լիարժեք կիրառման համար ձեռնարկվելիք քայլերը՝ որպես հեռանկարային ուղղություններ, ի թիվս այլոց, առանձնացնելով խելացի կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, բանկային ոլորտները: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ երկուստեք արժևորվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի համար՝ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնային նշանակությունը: Իր նիդերլանդացի գործընկերոջը ներկայացնելով ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այդ օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային և տարածաշրջանային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը և առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը Ստեֆ Բլոկին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ Հանդիպման ավարտին Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի օրն առավոտյան Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր