211652_close_icon
views-count3394 դիտում article-date 19:43 23-01-2020

Ռուզան Մանթաշյանը կերգի Դրեզդենի ` SemperOpernball-ին . Էյվազովի հայատյացությունը տապալվեց

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես կգա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին` SemperOpernball-ին: «Ես ստացել եմ համերգին ելույթ ունենալու առաջարկ: Երկար մտածելուց հետո ընդունել եմ առաջարկը: Հենց դա հաղթանակ կլինի»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուզան Մանթաշյանը: «Արմենպրես»-ը կներկայացնի նաև SemperOpernball-ի մեկնաբանությունն այս առնչությամբ: Հունվարի 13-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին: Ավելի ուշ ադրբեջանցի երգիչն Ինստագրամի իր էջում նշել էր, իբր, այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր SemperOpernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի SempernOperball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։ Սակայն դեռ դեկտեմբերին մամուլի հաղորդագրություն էր տարածվել, որում սպասվող ելույթներում նշված է եղել նաև Ռուզան Մանթաշյանի անունը: Իսկ վերջնական պայմանագիրը կնքված չի եղել միայն այն պատճառով, որ բանակցությունները դեռ չէին ավարտվել, սակայն երգչուհու մասնակցության մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել: Ի պաշտպանություն Ռուզան Մանթաշյանի հանդես եկան բազմաթիվ հայտնի և հեղինակավոր գործիչներ, բարձրացավ միջազգային մեծ աղմուկ: Հայաստանի խորհրդարանը անգամ նամակ հղեց Գերմանիայի Բունդեսթագին: ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նամակում նշվում էր. «Հարգելի տիկին Բուդդե, համբուրգաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը փետրվարի 7-ին կայանալիք դրեզդենյան Semper Opernball կասեցվել է ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի պահանջով, որը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի երգչուհու հետ: Մշակույթի ոլորտում նման այլատյաց մոտեցումն անընդունելի է: Այն ակնհայտ անարգանք է արվեստի նկատմամբ: Մշակույթը եղել և մնում է ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու, նոր կամուրջներ կառուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը, որը չի ճանաչում քաղաքականություն, ազգային պատկանելություն: Այստեղ պետք է պահպանվեն բոլոր ազգերի և մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների նկատմամբ հարգանքը և հավասարությունը: Բունդեսթագի մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս մտահոգիչ փաստին: Լիահույս ենք, որ դուք, լինելով ռասայական խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ պայքարի ջատագովներ, հարցը կպահեք ձեր ուշադրության կենտրոնում»:

Նմանատիպ նյութեր