211652_close_icon
views-count2565 դիտում article-date 14:11 23-01-2020

Չեմ հասկանում, այդ ովքե՞ր են մեզ մեղադրում, որ խոչընդոտում ենք Արմաթ լաբորատորիաների առաջընթացին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, կառավարության նիստում անդրադարձավ Արմաթ լաբորատորիաների ծրագրին և նշեց, որ այդ հարցը վերջին շրջանում բազմաթիվ, ընդհուպ քաղաքական շահարկումների տեղիք է տվել: «Արմաթ լաբորատորիաների ծրագիրը Հայաստանում սկսվել է 2014թ. և 2014-2017թթ. Արմաթ լաբորատորիաների համար պետական բյուջեից ֆինանսավորվել է 188 միլիոն դրամ, 2018-2019թթ. ֆինանսավորվել է մեկ միլիարդ 296 միլիոն դրամ, այսինք՝ երեք տարվա ընթացքում 188 միլիոն դրամ, երկու տարվա ընթացքում՝ մեկ միլիարդ 296 միլիոն դրամ, այդ թվում պետական բյուջեի հավելյալ հավաքագրված եկամուտներից»,- տեղեկացրեց վարչապետը: Փաշինյանը նշեց, որ մինչև հեղափոխությունը երկրում երեք տարվա ընթացքում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա, հեղափոխությունից հետո՝ 355 Արմաթ լաբորատորիա: «Այսինքն՝ մեկ ու կես տարվա ընթացքում կրկնակիից ավելի, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ տասը անգամ, և մեզ այսօր մեղադրում են, որ Արմաթ լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Ինչու՞մ է այդ պրոբլեմը. շատ պարզ բանի մեջ է՝ մենք այսօր հանրապետությունում ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մի կազմակերպությունից: Ասում ենք հետևյալը, որ մի պահ պետք է դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը: Կառավարության նիստում հանձնարարել եմ, որ պետք է խուսափենք մեկ անձից գնումներ կատարելուց և անենք մրցույթային կարգով, այդ վերլուծությունների արդյունքում ձևավորենք տեխնիկական առաջադրանք, որից հետո մրցութային կարգով իրականացնենք այդ լաբորատորիաներ ձեռքբերումը: Այսինքն՝ մենք ուզում ենք ասել, որ այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ՝ մրցույթների միջոցով, և ով կտա բովանդակություն-գին լավագույն առաջարկը՝ այդ կազմակերպությունն էլ կհաղթի»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ներկայացված վիճակագրությունն ամեն ինչ ցույց է տալիս: «Ես չեմ հասկանում, թե այդ ովքեր են, որ մեզ մեղադրում են, որ Արմաթ լաբորատորիաների հետ կապված՝ դպրոցների տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք, այս թվերը իրենք թող հրապարակեն, որից հետո էժան շահարկումների դաշտ մտնեն»,- ասաց վարչապետը։

Նմանատիպ նյութեր