211652_close_icon
views-count2040 դիտում article-date 11:30 21-01-2020

Կառավարությունը պետք է կանգնի անասնապահների, ոչ թե սպանդանոցային բիզնեսով զբաղվողների կողքին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե կյանքին հետևես միայն «ֆեյսբուքյան պատուհանից», ապա կարելի է մտածել, որ Հայաստանում մարդկանց մեծ մասի հիմնական հոգսն այն է, որ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և ընդհանրապես բոլոր «նախկիններին» դեռևս չեն գնդակահարել: Մեկուկես կամ անգամ մեկ տարի առաջ դա իսկապես շատերին էր հուզում, բայց կյանքը շարունակվում է, և մարդիկ չեն կարող շատ երկար ժամանակահատված ապրել միայն «հակահերոսներից» վրեժ լուծելու տենչով: Վրա են հասնում առօրյա հոգսերը, առօրյա խնդիրները, որոնք անմիջական, հրատապ լուծում են պահանջում, և այդ հոգսերով ապրող մարդկանց դժվար է ամեն օր կերակրել «բարձր քաղաքականությամբ»: Օրինակ, անասնապահներին դժվար է բացատրել, որ այն խնդիրները, որոնց այժմ նրանք դեմ են առել, պայմանավորված են «նախկինների թալանով»: (Չնայած ենթադրում եմ, որ, մտքի մեծ ճկունություն բանեցնելով, հնարավոր է նաև այդ երկու երևույթները կապել): Բայց, եթե մնանք տրամաբանության սահմաններում, ապա ակնհայտ է՝ Հայաստանի 10, 20, թեկուզ 30 սպանդանոցները չեն կարող հոգալ մեր հանրապետության մի քանի հարյուր բնակավայրերի մի քանի հազար անասնապահների ամենօրյա կարիքները: Դա տեխնիկապես հնարավոր չէ՝ անգամ սպանդանոցների սեփականատերերի ամենամեծ ցանկության դեպքում: Եվ կառավարությունը, ունենալով մսամթերքի որակն ապահովելու բարի մտադրություն, այնուամենայնիվ, պետք է կանգնի հազարավոր անասնապահների, ոչ թե սպանդանոցային բիզնեսով զբաղվողների կողքին և չպարտադրի գյուղացիներին անհայտ միջոցներով և անհայտ պայմաններով տանել իրենց անասուններին սպանդանոցներ՝ ձևաթուղթ ստանալու համար: Առանց ձևաթղթի չի կարելի միս վաճառել՝ համաձայն եմ: Բայց ինչո՞ւ չստուգել, թե ինչպիսի պայմաններում են կենդանիներին մորթում գյուղացիները. եթե պայմանները բավարարում են չափանիշներին, տալ այդ ձևաթուղթը, եթե չեն բավարարում՝ չտալ: ․․․ Շաբաթ օրը Մամուլի շենքում հրդեհ էր բռնկվել: Հետևանքներից մեկն այն էր, որ վնասվել են էլեկտրականության մալուխները, և շենքը հոսանքազրկվել է: Մալուխները պետք է վերականգնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեն, որը շենքի սեփականատերն է: Ինչպես հայտնի է, պետական մարմինները դանդաղաշարժ են (անգամ հեղափոխությունից հետո). մինչև հանձնաժողով ստեղծվի, մինչև հանձնաժողովը որոշի, թե ինչ է եղել և ով է մեղավոր, մինչև նոր մալուխներ գնեն և որոշեն, թե ով է այդ մալուխները փոխելու՝ այդ ամենը կարող է շաբաթներ տևել: «Առավոտ» օրաթերթը, որի խմբագրությունը գտնվում է Մամուլի շենքի 15-րդ հարկում, միևնույն է, վաղը լույս կտեսնի՝ որոշակի հավելյալ ծախսերի և աշխատողների լարվածության գնով: Մասնավորապես, մարդիկ պետք է ոտքով բարձրանան 15-րդ հարկ և աշխատեն չջեռուցվող սենյակներում: Այդ ամենը պատմում եմ ոչ թե կյանքից բողոքելու նպատակով, այլ պարզապես ևս մեկ օրինակով ցույց տալու, որ մենք՝ շարքային քաղաքացիներս, ի տարբերության քարոզիչների և քաղաքականացված ֆեյսբուքահայերի, ապրում ենք «բարձր քաղաքականության» հետ կապ չունեցող հոգսերով»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր