211652_close_icon
views-count3356 դիտում article-date 15:44 21-01-2020

Հայաստանի պոլիկլինիկաների պետպատվերի ծառայություններում փոփոխություններ են գրանցվել

Ընթացիկ տարվա հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործող պոլիկլինիկաների՝ պետական պատվերով մատուցվող ծառայությունների ծավալում փոփոխություններ են գրանցվել: Առողջապահության նախարարության որոշմամբ այս տարի չի լինելու «այլ կաբինետներ»-ի (նեղ մասնագիտական խորհրդատվություն իրականացնող կաբինետներ են, որոնք տարբեր պոլիկլինիկաներում նույն ծառայությունը չեն մատուցում) համար նախատեսված պետպատվերը: Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը «[url=https://armenpress.am/arm/news/1002023.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց, որ առաջնային օղակում բժշկական օգնությունը պետք է լինի ամբողջ բնակչության համար մատչելի, հասանելի և մատուցվի հավասար ծառայությունների փաթեթով՝ անկախ նրանից, թե որտեղ է տեղակայված բժշկական կազմակերպությունը: Այս քայլով առողջապահության նախարարությունը նպատակ ունի համահավասարեցնել բնակչությանը մատուցվող ծառայությունները, որոնք «այլ կաբինետներ»-ի պարագայում խախտվում էին: «Տեսեք «այլ կաբինետները» նեղ մասնագիտական խորհրդատվություն իրականացնող կաբինետներ են, որոնք տարբեր պոլիկլինիկաներում նույն ծառայությունը չեն մատուցում: Վերջիններս, ըստ իրենց ունեցած լիցենզիայի, մարդկային ռեսուրսի «այլ կաբինետ» նեղ մասնագիտական ծառայության ներքո պետական պատվեր էին իրականացնում ուրոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, ռևմատոլոգիական, ալերգոլոգիական և այլ ծառայությունների մասով, որի արդյունքում պետպատվերով «այլ կաբինետով» մեկ պոլիկլինիկան կարողանում է անվճար ծառայություն մատուցել, օրինակ` ուրոլոգիական, մյուսը՝ ալերգոլոգիական խորհրդատվության մասով: Արդյունքում` ստացվում է անհամաչափ ծառայությունների մատուցում բնակչության համար: Կախված, թե որ պոլիկլինիկայում է քաղաքացին հավաքագրված, ըստ դրա կարող է օգտվել կամ չօգտվել տվյալ նեղ մասնագիտական ծառայությունից: Մեկ պոլիկլինիկայում լինում է ուրոլոգիական ծառայությունն անվճար, մյուսում՝ վճարովի: Ստացվում է, մի քաղաքացի, որը հաշվառվել է իքս պոլիկլինիկայում «այլ կաբինետ»-ում մեկ ծառայությունը ստանում է անվճար, մյուս քաղաքացին ուրիշ պոլիկլինիկայում նույն ծառայությունը ստանում է վճարովի»,-ասաց Ծաղիկ Վարդանյանը: Նրա կարծիքով, խախտվել է առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության գլխավոր սկզբունքը՝ ամբողջ բնակչության համար հավասար, մատչելի, հասանելի արտահիվանդանոցային ծառայությունների մատուցումը: Այսօր նախարարությունը գնում է նրան, որ առաջնային բժշկական օղակում հստակ սահմանվի այն կաբինետներն ու ծառայությունները, որոնք անվճար են բոլորի համար՝ լինի Երևանում, թե մարզերում, թիվ 16 պոլիկլինիկայում, թե թիվ 2-ում: Ծաղիկ Վարդանյանն ընդգծեց, որ իրենք խնդիր են դրել հավասարաչափ բժշկական օգնություն իրականացնել ամբողջ ազգաբնակչության համար: Ծաղիկ Վարդանյանն ավելացրեց, որ պետության ֆինանսավորմամբ պահպանվելու են բոլոր այն նեղ մասնագիտական կաբինետները, որոնք եղել են: Մասնավորապես, վիրաբուժական/վնասվածքաբանական, ակնաբուժական, սրտաբանական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական: Դրանից բացի, դիսպանսեր հսկողության կաբինետը՝ վարակաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական, մաշկավեներաբանական, ինչպես նաև հոգեբուժական/նարկոլոգիական, տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներ: Դրանք շարունակում են մնալ անվճար: Առաջին փուլում նախարարությունը պետպատվերն այս ուղղությամբ հանում է, սակայն առաջիկայում նախատեսում է մի շարք այլ առողջապահական ծրագրեր կյանքի կոչել, որոնք կլինեն առավել հասցեական: Այսինքն՝ առողջության առաջնային պահպանման ոլորտում նախարարությունը գնում է ավելի թիրախային մոտեցումների:

Նմանատիպ նյութեր