211652_close_icon
views-count2961 դիտում article-date 09:13 21-01-2020

«Դուխի» ու «քյալլագյոզության» արանքում․ կայացած պետության ճանապարհը. «Հետք»

[url=https://hetq.am/hy/article/112303]Hetq.am[/url]-ը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան ցավալի լուրը և դրան հաջորդած իրադարձություններն ու վարքի դրսևորումները նորից քննարկման դաշտ բերեցին իրավապահ համակարգի և ընդհանրապես պետության վստահելիության խնդիրը։ Կուտոյանի մահը 2018թ.-ի ոչ բռնի փոփոխություններից հետո տեղի ունեցած քաղաքական նշանակություն ունեցող առաջին մահը չէ։ Թեև, ըստ պաշտոնական, վարկածի դրանք դժբախտ պատահարներ կամ ինքնասպանություններ են, սակայն հանրային քննարկումներում այդ վարկածը կարծես թե լայնորեն չի համոզում մարդկանց։ Ուստի, ամեն անգամ հարց է ծագում` արդյոք մենք ունենք կայացած պետություն, որն ունակ է պաշտպանել սեփական քաղաքացիներին, ազգային անվտանգությունը և պետական շահերը։ Ավելի պարզ ձևակերպենք․ մենք ունե՞նք պետություն, որի խոսքին և գործին կարելի է վստահել։ 2018թ.-ին տեղի ունեցած քաղաքական տրանսֆորմացիան իր հետ ակնկալիքների մի ամբողջ ծաղկեփունջ էր բերել։ Ակնհայտ է, որ դրանց մեծագույն մասն օբյեկտիվորեն իրականանալ չէր կարող (օրինակ, որ պետությունը կմարի բոլորի վարկերը, առանց դատ-դատաստանի կբանտարկի նախորդ տարիների անարդարությունների քաղաքական պատասխանատուներին և այլն)։ Բայց ակնկալիքների մի էական շերտ առավել քան լեգիտիմ էր, մանավանդ, որ համաշխարհային քաղաքական պատմությունն ապացուցել էր դրանց անհրաժեշտությունն ու լինելիությունը։ Այստեղ չնշելով դրանց սպառիչ ցանկը՝ միայն կառանձնացնեմ համակարգային ռեֆորմների ակնկալիքը ընդհանրապես և իրավապահ համակարգի ռեֆորմներինը՝ մասնավորապես։ Այդպիսի ռեֆորմներ չեղան և, հետևաբար, Հայաստանի հանրային կյանքով հետաքրքրված շրջանակների համար առաջնահերթություն է դառնում կանխատեսել հնարավոր զարգացումները այս պայմանների անփոփոխ մնալու պարագայում։ Բայց մինչև ապագային անցնելը փորձենք համառոտ վերականգնել, թե իրավապահ համակարգին առնչվող ի՞նչ նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան 2018թ.-ի մայիսի 8-ից մինչև 2020թ. հունվարի 17-ը։ 2018թ.-ի մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը նշանակման է ներկայացնում Ոստիկանության և ԱԱԾ պետերի թեկնածուներին՝ Վալերի Օսիպյանին և Արթուր Վանեցյանին։ Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են սկսվում, մասնավորապես, Օսիպյանի՝ նախկինում խաղաղ հավաքների նկատմամբ կիրառված ոտնձգությունների համատեքստում նշանակման անթույլատրելի լինելու վերաբերյալ (ի դեպ, հետաքրքրական է, որ այդ ժամանակ վարչապետի որոշումները կասկածի տակ դնելու համար ֆեյսբուքյան հայհոյախառն գրոհներ դեռ չկային, թեև էյֆորիայի աստիճանն առավել բարձր էր)։ 2018թ.-ի մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի միջոցով անդրադառնում է թեմային և Օսիպյանի նշանակումը հիմնավորում «սիրո և համերաշխության» համատեքստում, գնահատում է այդ նշանակումը որպես հաշտեցման խորհրդանիշ և ընդգծում, որ նրա նշանակման առանցքային գործոնը եղել է չկոռումպացվածությունը։ 2018թ.-ի հուլիսին Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարները հայտարարում են, որ իրենց համակարգերում արդեն կոռուպցիա չկա։ Հայաստանում կոռուպցիայի արմատախիլ արված լինելու մասին հայտարարում է նաև ինքը՝ Փաշինյանը։ Սրան զուգահեռ հրապարակումներ են լինում այն մասին, որ Վանեցյանի ընտանիքը ներգավված է բիզնեսում, նրա մտերիմների՝ այս կամ այն պաշտոնում (հատկապես ՊԵԿ-ում) նշանակվելու և ուշագրավ պատմությունների մեջ ներգրավված լինելու մասին լուրերը դառնում են պարբերական։ 2018թ.-ի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որը մինչև այժմ պաշտոնապես հայտնի չէ, թե ով է իրականացրել։ Այդ ձայնագրությունը, չնայած վարչապետի գլխավորությամբ մանևրելու փորձերին, վկայում էր այն մասին, որ առնվազն մեկ դատավորի հետ առնվազն մեկ քրեական գործով ԱԱԾ-ն բանակցել է՝ երկկողմանիորեն խախտելով դատական համակարգի անկախության կարևոր երաշխիք հանդիսացող «խորհրդակցական սենյակի գաղտնիության» սկզբունքը․ հայերեն ասած՝ ճնշում է գործադրել։ 2018թ.-ի ԱԺ ընտրությունների նախաշեմին համառ լուրեր էին շրջանառվում, որ Արթուր Վանեցյանը, այդ թվում քրեական հեղինակությունների ռեսուրսներով, ներգրավված է ընտրական գործընթացում ձայներ հավաքելով։ Այս մասին տեղեկությունները հաստատել է նաև այդ ժամանակ ՊՎԾ պետ, ԱԺ պատգամավորության թեկնածու Դավիթ Սանասարյանը։ 2019թ.-ի հուլիսի 3-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Արթուր Վանեցյանին և Վալերիյ Օսիպյանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում (համարժեք կոչումներ են շնորհվում նաև ՔԿ, ՀՔԾ և գլխավոր դատախազության ղեկավարներին)։ 2019թ.-ի սեպտեմբերի 15-ին և 17-ին պաշտոնից ազատման դիմում են ներկայացնում համապատասխանաբար Արթուր Վանեցյանը և Վալերիյ Օսիպյանը՝ բացի աղմկահարույց ձերբակալություններից ըստ էության որևէ էական համակարգային փոփոխություն չարձանագրելով պաշտոնավարման 1.5 տարվա ընթացքում (չհաշված ՃԵԿ բալային համակարգը և էլի մի քանի մանր փոփոխություն)։ Նրանց փոխարեն նշանակվում են նորից «կադրային» սպաներ, որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն օրերին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունում է Ոստիկանությունում և ԱԱԾ-ում «դրսից մարդ» նշանակելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը, իսկ դեկտեմբերի 4-ին, հետքայլ անելով, մերժում այդ նույն նախագիծը՝ այդպիսով համակարգերը օրենքի ուժով պահելով «կադրայինների» մոնոպոլիայի տակ։ 2019թ.-ի դեկտեմբերի 12-ին Փաշինյանը հայտարարում է, որ ողջ պետական համակարգը, այդ թվում՝ իրավապահ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, իսկ դեկտեմբերի 19-ին արդեն ԱԱԾ-ում հայտարարում է, որ ԱԱԾ-ն երբեք չի անցել կարմիր գծերը, և ինքը վստահում է ԱԱԾ-ին։ Վերը նշված կետերում իր գործողություններով կամ անգործությամբ Նիկոլ Փաշինյանը մի շարք սկզբունքորեն անընդունելի համոզմունքների առիթ է տվել։ Նախկին համակարգի օրոք քաղաքացիների իրավունքները ոտնահարած պաշտոնյաների համար պետական ապարատում բաց են ոչ միայն աշխատելու, այլև առաջխաղացման դռները (Օսիպյանը միակ դեպքը չէ, կարելի է շատ երկար շարունակել շղթան՝ Հունան Պողոսյանից մինչև Բաբկեն Ղազարյան տարբեր մանր ու միջին չինովնիկներ)։ Բիզնեսի հետ փոխկապակցվածությունը և մերձավորների նշանակումները կարող են անտեսվել ինչ-ինչ դեպքերում (Վանեցյանը ևս միակը չէ, ի վերջո կան Գագիկ Ծառուկյանի, ՀՔԾ աշխատակազմի գլխավոր քարտուղարի և շատ ուրիշ գործող պաշտոնյաների դեպքերը)։ Ի հեճուկս բոլոր տեղեկությունների և քաղաքացիների հետ պարբերաբար պատահող դեպքերի՝ կարելի է մերժել իրականությունը և հայտարարել, որ «կոռուպցիա չկա»։ «Օրենքը մեզ դա թույլ չի տալիս, իսկ մենք օրենք չենք խախտի» թեզը քարոզչական բնույթ է կրում, քանզի առնվազն մեկ գործով առնվազն մեկ դատավորի հետ ԱԱԾ ղեկավարի «կոնսուլտացիաները» խոսում են հակառակի մասին։ ԱԱԾ ղեկավարը կարող էր միջամտել նախընտրական քարոզչությանը կառավարող ուժի օգտին։ «ԱԱԾ-ն կարմիր գծեր չի անցել, ես վստահում եմ ԱԱԾ-ին» հայտարարությունը քաղաքական իմաստով կարելի է ընկալել գնահատական և վերջակետ խորքային ռեֆորմների սպասումների համար։ Բացի ԱԱԾ-ից և Ոստիկանությունից, որոնք առավելապես օպերատիվ-հետախուզական գործառույթների համար են պատասխանատու, բավականին ուշագրավ են նաև քննչական մարմինների (Քննչական կոմիտե, ՀՔԾ) վերջին երկու տարվա գործունեության երանգները, հատկապես, որ այս երկու մարմինները, ի տարբերություն նախորդ երկուսի, վարչապետի ենթակայության տակ չեն և բնույթով որոշակիորեն ինքնավար են։ Եթե հեռու չգնանք, կարելի է հիշել Քննչական կոմիտեի ոդիսականը Ամուլսարի քրեական գործի շրջանակներում։ Դա խայտառակ մի պատմություն էր, թե ինչպես էր ի սկզբանե ըստ էության վարչապետի ցուցումով հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեն ոչ լեգիտիմ քննչական կազմով վարել Հայաստանի այդ շրջանի ամենակարևոր քրեական գործերից մեկը, ինչպես էր փորձում 3 մլն մարդու համոզել, որ մածունը իրականում սև է, ինչպես էր վարչապետն այդ փաստարկների հիման վրա անում հայտարարություններ, որոնք մինչև հիմա կառավարությունում չգիտեն՝ կմարսեն, թե չէ «Լիդիանի» հետ հավանական վեճի պայմաններում։ Բայց արի ու տես, որ և՛ քննիչն է մնացել իր տեղում, և՛ քննչականի պետը, և՛ համակարգն է, ըստ էության, նույն ոգով գործում։ Մյուս ոչ վաղ անցյալի դեպքը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մեր կողմից ներկայացված հաղորդման գործով ՀՔԾ դրսևորած ջայլամի քաղաքականությունն էր, որով, ըստ էության, նրանք ամեն ինչ արեցին հիմնավորելու, որ չի կարելի ոչ մի բան ստուգել և պետք է անվերապահ վստահել Գագիկ Ծառուկյանի խոսքերին (դատախազությունը ևս այդ կարծիքին է)։ Սա ևս որևէ կերպ չի կարելի ընկալել, քան քաղաքական որոշում, որովհետև բոլորս հրաշալի գիտենք, թե ինչով է զբաղված Գագիկ Ծառուկյանը, բոլորս հրաշալի գիտենք, թե ինչեր էր հայտարարում վարչապետը բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին, և բոլորս հրաշալի գիտենք, թե ինչպես օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը միահամուռ արեցին ամեն բան, որ ոչ մի բան հանկարծ տեղից չշարժվի։ Իրականության և հայտարարությունների միջև այս խորքային խզումները, բնականաբար, մի օր հանգեցնելու էին վստահության թեկուզ լուռ սասանման։ Գեորգի Կուտոյանի մահվանը հաջորդած համընդհանուր անվստահությունը պետության խոսքի նկատմամբ ընդամենը մի դեպք է, որովհետև խոշոր հաշվով դրանից առաջ նույն կերպ ծիծաղատեղ դարձան Ամուլսարի հարցով, նույն կերպ բոլորի համար պարզ էր՝ ինչ է կատարվում Ծառուկյանի հարցով, նույն կերպ խորը կասկածներ կային Սանասարյանի գործով։ Եվ սա պետք է նախազգուշական կարմիր լույս վառի կառավարական թիվ մեկ աշխատասենյակում։ Այժմ քաղաքական ղեկավարությունն աննախանձելի վիճակում է և դրա համար, եթե նույնիսկ մտածված չեն ընտրել լռելու մարտավարությունը, ապա այն այս պահին իրենց համար միակ ողջամիտ մարտավարությունն է, որովհետև որևէ այլ բան մարդկանց չի համոզում։ Իսկ եթե չլռեն, ի՞նչ ասեն․ ասեն «այո՛, ժողովուրդ ջան, ՀՀ ԱԱԾ տնօրեն աշխատած մարդը 20 օրվա մեջ երկու անգամ իր բնակարանում հրաձգություն է կազմակերպել, բայց մեր օպերատիվ ծառայությունները չեն իմացել, ու հիմա մեր բանից բեխաբար իրավապահ համակարգը ազնիվ սպայական խոսք է ասում՝ սա պարզապես ինքնասպանություն է»: Ինչ-որ մեկը կհավատա՞, որ ԱԱԾ-ն իր նախկին ղեկավարին, նախկին կառավարության ամենաազդեցիկ մարդկանցից մեկին, ի վերջո Սերժ Սարգսյանի մտերիմին ու Հրայր Թովմասյանի զբոսանքի ընկերոջն այն կարգի է աչքաթող արել, այն կարգի չի հետևել ու հարցուփորձ չի եղել, որ չի իմացել 20 օր առաջ հնչած կրակոցների մասին... կամ եթե նույնիսկ հավատան, էդպիսի էշի ականջում քնած իրավապահ համակարգի կատարած քննությանը վստահելու պահանջ ներկայացնելու բարոյական իրավունք ունի՞ որևէ մեկը»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://hetq.am/hy/article/112303]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր