211652_close_icon
views-count15364 դիտում article-date 10:21 18-01-2020

Մարգահովիտի համայնքապետը մտադիր է ամռանը «կատաֆալկա» գնել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «2020 թվականի գնումների պլաններն ուսումնասիրելիս «Փաստը» պարզեց, որ Լոռու մարզի Մարգահովիտի համայնքապետարանն այս տարի ցանկանում է դիատար մեքենա, խոսակցական լեզվով ասած՝ «կատաֆալկա» գնել։ Համաձայնեք՝ գոնե առաջին հայացքից անսովոր գնում է։ «Փաստի» հետ զրույցում համայնքի ղեկավար Սամվել Անանյանը հաստատեց, որ նման ցանկություն ունեն, և բացատրեց, թե ինչու է համայնքապետարանը որոշել դիատար մեքենա ձեռք բերել։ «Գյուղ տեղ է, մարդիկ որ մահանում են, Վանաձորից են մեքենա կանչում։ Նախ՝ մահացածին պետք է տանեն Վանաձորում գտնվող դիահերձարանը, «կատաֆալկան» կանչում են, գալիս է, մահացածին տեղափոխում դիահերձարան, հետո այնտեղից բերում է գյուղ։ Հաջորդ օրը մեքենան նորից գալիս է գյուղ, որ այստեղից մահացածին տեղափոխի գերեզմանոց։ Ովքեր հնարավորություն ունեն, այս կերպ են վարվում։ Իսկ ովքեր չունեն, կարելի է ասել, մահացածին տեղափոխում են բեռնատար մեքենայով, և շատ տհաճ բան է ստացվում»,- ասում է Անանյանն՝ ընդգծելով, որ մարդիկ ահագին գումար են ծախսում սրա համար։ Հարցին, թե արդյո՞ք մեքենան անվճար հիմունքներով է ծառայելու համայնքի բնակիչներին, Անանյանը նշեց՝ երբ մեքենան ձեռք բերեն, ավագանին այդ հարցը կորոշի։ «Կարող է չնչին գումար նախատեսվի, որովհետև այդ մեքենան պետք է վարորդ ունենա և վառելիք ծախսի։ Այս պահին այդ մեքենան գնելու հնարավորություն չունենք էլ։ Եթե ունենանք, ապա ամռանը, մեքենայի գինն էլ շուկան կորոշի։ Ինձ թվում է՝ այնքան էլ թանկ չի լինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր