211652_close_icon
views-count1699 դիտում article-date 21:22 17-01-2020

Վարչապետն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով անվանի աստղաֆիզիկոսին՝ վարչապետը տպավորիչ է որակել նրա գիտական գործունեությունը և հույս հայտնել, որ նա իր հարուստ փորձով և կառավարության հետ համատեղ նախագծերի կյանքի կոչմամբ կնպաստի Հայաստանում գիտության զարգացմանը: Գարիկ Իսրայելյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին բարձր գնահատականի համար և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ ներգրավվել մեր երկրում գիտության մասսայականացմանը միտված համատեղ նախաձեռնություններում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում այս տարի նախատեսվող STARMUS 6-րդ փառատոնի շուրջ, որի նպատակը երաժշտության, արվեստի միջոցով երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը գրավիչ դարձնելն է: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել փառատոնի հավուր պատշաճի և բարձր մակարդակով անցկացմանը: STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների: Գարիկ Իսրայելյանը Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս է:

Նմանատիպ նյութեր