211652_close_icon
views-count3143 դիտում article-date 10:38 14-01-2020

Անպատկառ քծնանք, լկտի գզվռտուկ, գժտություններ ու գժդմնություններ․ վիրտուալը ընդգծում է մահացու մեղքերը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կիրակի օրը զանգել էր ծանոթներիցս մեկը և հարցնում էր՝ գիտե՞ս, ինչ է եղել: Ասացի՝ չէ, չգիտեմ, որովհետև կիրակի օրն, այսպես կոչված, «նորություններին» չեմ հետևում: «Նորություն» բառը վերցնում եմ չակերտների մեջ. եթե ինչ-որ լուրջ իրադարձություն տեղի ունենար, ես դա, բնականաբար, կիմանայի: Բայց խոսքն ակնհայտորեն այդ դեպքի մասին չէր: Եվ իրոք. պարզվեց, ինչ-որ մեկի վրա «մատերիալ» են գրել, «մատերիալի» թիրախը ենթադրեց, որ դա գրել են այսինչ մարդիկ, այդ մարդիկ գրեցին՝ չէ, ենթադրությունդ սխալ է, մենք չենք, բայց նրանց մեղադրողը պնդեց՝ չէ, դուք եք: Այդ ամենն, իհարկե, տեղի էր ունենում համացանցում, վիրտուալ աշխարհում: Ձանձրալի սոցցանցային պատմություն, որը եթե անգամ քննարկվի մի ամբողջ օր, հաստատ շատ արագ կմոռացվի: Աշխատանքիս բերումով չեմ կարող ընդհանրապես զերծ մնալ այդ տոքսիկ միջավայրից: Բայց ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն այդ «շեքսպիրյան կրքերի» հետ, օրուգիշեր հետևում են դրանց: Մարդիկ ուզում են տեղեկացվա՞ծ լինել, հետևում են անցուդարձի՞ն, չեն ուզում հետ մնալ իրադարձությունների՞ց: Ինձ թվում է՝ ոչ: Մարդիկ սոցիալական ցանցերում նորություններ չէ, որ փնտրում են: Նրանք ուզում են իմանալ, թե ով ում, ինչպես և որքան թունդ արտահայտություններով է «քլնգել»: Եթե այդ «քլնգոցը» համապատասխանում է իրենց համոզմունքներին, նրանք «լայքում» են այն, եթե չի համապատասխանում, խոժոռ դեմքով «իմոջի» են դնում կամ ավելին՝ «քլնգողին» են «քլնգում»: Ես չեմ ասում, որ սոցիալական ցանցերը պետք է վերանան: Ճիշտ հակառակը՝ դրանց գոյությունն անհրաժեշտ է, ինչպես բոլորիս տներում կա աղբի դույլի անհրաժեշտությունը: Բայց դա չի նշանակում, չէ՞, որ մենք առավոտվանից գիշեր պետք է այդ դույլը քչփորենք: Որոշակի ժամի դույլը լցվում է, և մենք այն դատարկում ենք՝ նոր աղբ կուտակելու համար: Ճիշտ նույն ձևով՝ եթե մենք սոցիալական ցանցերի, նման ոճով աշխատող կայքերի, այսպես կոչված, «նորություններին» որոշակի ժամանակ հատկացնենք, դա նորմալ է: Բայց երբ մարդիկ օրը 24 ժամ «կապի» մեջ են և նեղվում են, երբ թեկուզ մի քանի րոպե չեն ստուգում իրենց կապի միջոցները, դա ծանր վիճակ է ստեղծում, դա խանգարում է մարդկային շփումներին, ինքնազարգացմանը, ստեղծագործ մտքին, մասնագիտական պարտականությունների կատարմանը և, ի վերջո, առաջընթացին: Վիրտուալ իրականությունը, կարելի է ասել, ընդգծում է մարդկանց մահացու մեղքերը՝ հատկապես նախանձը, ագահությունը, ծուլությունը, բարկությունը: «Անպատկառ քծնանք, լկտի գզվռտուկ, գժտություններ ու գժդմնություններ, ատելություններ անմիտ անիրավ, հրապուրանքներ պատրական, դյուրորս, փոքրոգություններ, ճղճիմ, անկշիռ…»: Կարո՞ղ է՝ Նարեկացին սոցիալական ցանցերի մասին է գրել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր