211652_close_icon
views-count5054 դիտում article-date 13:50 13-01-2020

Ընդգրկվեցի «սևերի» ցանկում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ռադիոլոգիայի բաժնի ղեկավարը՝ իր հաստիքի լուծարման մասին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արման Գրիգորյանը 2020 թվականի փետրվարի 18-ից չի աշխատելու ԲԿ-ում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պացիենտներ, կոլեգաներ եւ ընկերներ, Տեղեկացնում եմ բոլորիդ, որ ծանուցվել եմ, որ սույն թվականի փետրվարի 18-ից այլեւս չպետք է աշխատեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ որոշում է կայացվել լուծարել իմ զբաղեցրած հաստիքը։ Թե ով է որոշել, ինչու, ինչ տրամաբանությամբ, թերեւս որպես բժիշկ ինձ համար մնաց անհասկանալի ու անընդունելի։ Անհասկանալի է ու անընդունելի, քանի որ կյանքիս ուղիղ կեսը՝ 20 տարուց ավել, աշխատում եմ որպես բժիշկ, որից 10 տարին՝ բաժանմունքի ղեկավար եւ բացի մարդկանց բժշկելու իմ առաքելությունից ու կոչումից այլ խաղեր չեմ հասկացել ու չեմ ընդունել։ Հպարտությամբ ու արժանապատիվ 10 տարի ղեկավարել եմ Հայաստանի Հանրապետության պետական ամենամեծ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքը, հանդիսանալով բաժանմունքի միակ մասնագետը՝ ով ունի գիտական աստիճան։ Եվ այսօր, որոշ մարդիկ որոշեցին, որ իմ զբաղեցրած հաստիքը, ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավարի, ավելորդ է եւ պետք է կրճատվի։ Ծանուցումը երբ ստացա, ակամայից հիշեցի 2018 թվականը եւ մեր բժշկական կենտրոնում ծավալվող իրադարձությունները։ 2018 թվականից սկսած բժշկական կենտրոնում կան «մերոնքականներ» եւ «ձերոնքականներ» կամ ինչպես ընդունված է ասել՝ «սեւեր» եւ «սպիտակներ»: Փաստացի, ես ընդգրկվեցի «սեւերի» ցանկում եւ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին նորաստեղծ տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց իմ հաստիքը լուծարելու մասին, որի մասին ես տեղեկացա 2019 թվականի դեկտեմբերի 18-ին: Չեմ կարող ասել, որ որոշումը ինձ համար անսպասելի էր, քանի որ նոր ղեկավարության հետ համատեղ աշխատանքի ընթացքում, ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը (ինչի համար չեմ զղջում եւ կարծում եմ, որ ցանկացած բուժաշխատողի ոլորտային ներդրումը պետք է լինի գնահատված, ուստի նման երեւույթի ականատես լինելուն պես պատրաստ եմ նույն քայլին), ինչպես նաեւ բազում անգամ «առաջարկել» են գործարք՝ իմ կրտսեր եղբոր «լռության» արժեքով պահպանել իմ աշխատատեղը: Չնայած այն փաստին, որ ժողովրդավար երկրում, իշխանության եկած ուժը՝ իշխանության պատասխանատվությունը ստանձնելու պահից հանդիսանում է ԲՈԼՈՐԻ (անկախ քաղաքական հայացքներից) կառավարությունը, ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ առօրյայում դա չեմ զգացել: Եվ վերջում ամենակարեւորի մասին, 20 տարի պատվով ու հպարտությամբ կրել եմ սպիտակ խալաթ,դա իմ կոչումն է եւ առաքելությունը, ասեմ ավելին մնալու եմ իմ կոչմանը հավատարիմ եւ շարունակելու եմ իմ աշխատանքը՝արժանապատիվ ու հպարտ։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր մասնագիտական գործունեությամբ, ուստի երկրում տեղի ունեցող ցանկացած փոփոխության արդյունավետությունը, մարդը պետք է զգա իր սեփական աշխատանքային միջավայրում: Այս գրառումը կատարեցի, որպեսզի տեղեկացնեմ Ձեզ, որ փոխում եմ իմ աշխատավայրը եւ հավելյալ կհայտնեմ բոլորիդ իմ նոր աշխատատեղի վերաբերյալ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր