211652_close_icon
views-count1876 դիտում article-date 22:48 12-01-2020

Գևորգ Դանիելյան. Սփյուռքի մասին ծայրահեղական ու իմպերատիվ կարծիքներ հայտնելը դարձել է օրինաչափություն

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սփյուռքի մասին ծայրահեղական ու իմպերատիվ կարծիքներ հայտնելը, ցավոք, դարձել է օրինաչափություն։ Բայց մի պահ վերհիշեք ձեր բազում ընկերներին, ծանոթներին և փորձեք ամփոփ միանշանակ գնահատականներ հնչեցնել. ոչինչ չի ստացվի։ Իմ մտերիմ ընկերը, որը եղել է Արցախի գոյամարտի ճանաչված հրամանատարներից («Խենթ» ջոկատի), շուրջ 23 տարի լքել է Հայաստանը, այն Երկիրը, որի համար կռվել ու վիրավորվել է, պատրաստ է եղել կյանքը զոհաբերել։ Լքել է, որովհետև անթաքույց հետապնդում էին ու դրդում անկանխատեսելի արարքների։ Բոլորովին այլ կերպար է իմ ծանոթներից Հայկուշ Նազինյանը՝ իսկական ուղղամիտ մտավորական ու հայրենասեր, որը ևս լքել է Երկիրը։ Այս մարդիկ օգնում են իրենց մերձավորներին, սակայն հաճախ չեն կարող իրենց տարիներով ստեղծածը, այդ թվում՝ երեխաների ուսումը կիսատ թողնել և վերադառնալ, մյուս կողմից՝ անհրաժեշտության դեպքում, իրենք առաջինն են լինելու վտանգավոր գոտիներում՝ ի տարբերություն բնիկ շատախոս «հայրենասերների»։ Հասկանում եմ, որ մեր Երկրում ընթացող երևույթների մասին միայն վերը նշված տեսակը բարոյական իրավունք ունի տեսակետ ու կարծիք հայտնելու, մինչդեռ՝ առավել ակտիվ են ուղղորդված, անձնական շահ հետապնդող և հաճախ էլ արզապես կոմֆորմիստ անձիք, ինչը բնավ հիմք չէ ողջ սփյուռքը նշավակելու համար։ Սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը չի կարող սիրողական ու զգացմունքային լինել, սփյուռքը հզորագույն գործոն է, որի կորցնելն աններելի կլինի։ Պատճենահանման կողմնակից չեմ, սակայն գուցե այս հարցում ընդօրինակեինք սփյուռք ունեցող այլ ազգերին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր