211652_close_icon
views-count3563 դիտում article-date 15:56 11-01-2020

Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է

Երևանի Օղակաձև այգում գտնվող ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը Շահեն Հարությունյանի կողմից ներկելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այս մասին [url=http://www.armtimes.com/hy/article/177829]«Հայկական ժամանակ»[/url]-ի հարցին ի պատասխան` տեղեկացրեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը. «Ստացվել է նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչի արդյունքում հունվարի 9-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը)»։ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այսպիսով, արարքը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական օրենսգրքի 95-րդ հոդվածի հիմքով (պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը), ինչի մասին տեղեկություն կտրվի ավելի ուշ։ Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին. «Կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»,- գրել էր նա: Հրապարակման հիման վրա ոստիկանությունում սկսվել էր նյութերի նախապատրաստումը։ Հաջորդ օրը Շահեն Հարությունյանը հրավիրվել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ կատարածի վերաբերյալ բացատրություն տալու։ Դեկտեմբերի 13-ին էլ հասցված վնասի չափը պարզելու համար նշանակվել էր փորձաքննություն։

Նմանատիպ նյութեր