211652_close_icon
views-count1352 դիտում article-date 18:23 09-01-2020

Ամանորի գիշերը ՀՀ օրնհերգը չհեռարձակելու համար վարչական վարույթ չի հարուցվի

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը չհեռարձակելու հարցը: Այս մասին հայտնեցին ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում օրեր շարունակ քննարկումների առիթ էր հանդիսացել Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից Ամանորի գիշերը չհեռարձակելու հարցը: Միաժամանակ նշելով, որ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից թվով 8 հեռուստաընկերություններում («Արմենիա», «Արմնյուզ», «Ա-TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Նոր Հայաստան», «5-րդ ալիք», «Շանթ») իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ամանորի գիշերը ՀՀ օրհներգը հեռուստառադիոընկերությունների կողմից չի հեռարձակվել, որով խախտվել է օրենքի պահանջը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի (Հոդված 4, 1-ին կետ, գ)ենթակետ) Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից անկախ սեփականության ձևից՝ Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո: Օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: Նիստի ընթացքում քննարկվել է նաև այն փաստը, թե համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի 60-րդ հոդվածի՝ իրավախախտման համար ինչ տուգանք է կիրառվում, սակայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո Հայաստանի Հանրապետության օրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ: Արդյունքում ստացվում է, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է, որ սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն, իսկ թե որ օրենքով սահմանված կարգով և որ մարմինն է լիազորված այն կատարելու նշված չէ, այսինքն առկա է օրենսդրական անորոշություն: Քննարկելով առկա բոլոր փաստերը Հանձնաժողովն արձանագրել է, որ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն ղեկավարվելով Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ Հանձնաժողովն իրավասու չէ կիրառել պատասխանատվության միջոցներ: Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով, 36-րդ հոդվածով, 44-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ չհարուցել, բայց միաժամանակ դիմել հեռուստառադիոընկերություններին՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույթները պահպանելու պահանջով:

Նմանատիպ նյութեր