211652_close_icon
views-count1821 դիտում article-date 16:48 09-01-2020

Հայաստանը կմիանա երգիչների, դերասանների իրավունքներին վերաբերող Պեկինի պայմանագրին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2012-ի հունիսի 24-ին ընդունված «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրն վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագիծը կներկայացվի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ պայմանագիրը վերաբերում է կատարողների՝ տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների պահպանությանն ու պաշտպանությանը: Պայմանագիրն արդիականացնում է երգիչների, երաժիշտների, պարողների և դերասանների իրավունքները տեսալսողական կատարումների նկատմամբ՝ լրացնելով 1961թ-ին Հռոմում ընդունված կատարողների, հնչյունագիր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պաշտպանության մասին Հռոմի կոնվենցիան, ինչպես նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Կատարողների և հնչյունագիր արտադրողների մասին պայմանագիրը: Տեսալսողական կատարումների մասին Պեկինի պայմանագիրը կարգավորում է դերասանների կատարումները, որոնք հաղորդվում են կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության միջոցով, ինչպես նաև երաժշտական կատարումները, երբ դրանք ամրագրված են տեսասկավառակների վրա կամ որևէ այլ տեսալսողական հարթակում: Պեկինյան պայմանագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես նոր թվային տեխնոլոգիաների զարգացմամբ և կատարողներին ավելի լայն իրավական պաշտպանության տրամադրմամբ: Տեսալսողական ամրագրումներում ամրագրված կատարումների համար Պայմանագրում նախատեսված են վերարտադրության, տարածման, վարձույթով տալու և մատչելի դարձնելու գույքային իրավունքները, իսկ չամրագրված կատարումների համար՝ դրանց ամրագրման, հեռարձակման և հանրությանը հաղորդման իրավունքները:

Նմանատիպ նյութեր