211652_close_icon
views-count6179 դիտում article-date 14:56 07-01-2020

Առողջապահության նախարարությունը պարզաբանել է Մարալիկի ծննդատան ֆինանսավորման դադարեցման փաստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հետ կապված։ «Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման շուրջ վերջին օրերին լրատրավիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։ Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարածված չէ ծախս-արդյունավետության և թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի: Բացի դրանից ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։ Հաշվի առնելով նշվածը՝ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը։ Հավելենք նաև, որ սա վերաբերում է բոլոր այն ծննդատներին, որոնք չեն բավարարարել այս պահանջները, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով»,-նշված է պարզաբանման մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/03/1144308/]SHAMSHYAN.com[/url]-ը, հունվարի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/03/1144308/]հայտնել էր[/url], որ Մարալիկի առողջության կենտրոնում տեղակայված Մարալիկի ծննդատան 100-ից ավելի աշխատակիցներ, ինչպես նաև նրանց միացած մեծ թվով ծննդկաններ ու մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում էին, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքի իրենց խնդրանքին: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «Այսօր առավոտյան ծննդատան տնօրեն Վռամ Մելիքյանը մեզ ամանորյա նվեր մատուցեց՝ ասելով, թե կառավարությունը որոշել է, որ ծննդատունը պետք է փակվի ու այսուհետ ծննդկանները պետք է օգտվեն Գյումրիի բժշկական կենտրոնի ծննդատնից: Նման անհեթեթ անակնկալ մենք չէինք սպասում: Էս ծննդատունը դեռ սովետական տարիներից է գործել ու ամեն տարի 100-150 ծնունդ է ընդունում: Ծննդատունը սպասարկում է 17 գյուղ և կան գյուղեր, որտեղից Գյումրի գնալու համար պետք է կտրեն ու անցնեն 20-40 կիլոմետր: Հետաքրքիր է տնօրենը հայտնել է իրավասու մարմիններին, որ այս ծննդատունը մի քանի սերունդների կյանք է պարգևել: Մենք վստահ ենք, որ եթե վարչապետ Ն. Փաշինյանին ճիշտ տեղեկություններ տան ու հայտնեն, որ այս գյուղերի համար, մանավանդ՝ ձմռան ամիսներին, դժվար է ճանապարհների մերկասառույցների պատճառով ծննդկաններին հասցնել Գյումրի ու լուծարելու արդյունքում մարդիկ գործազուրկ են լինելու, հաստատ ավելի խելամիտ լուծում կգտնի: Թե չէ Շիրակի մարզը մի մաքսակետով առաջ չի գնա: Այս պահին էլ ծննդատանը մի քանի ծննդկան կա, ովքեր սպասում են իրենց բալիկների լույս աշխարհ գալուն: Կրկին խնդրում ենք վարչապետին, որ միջամտի այս հարցին»: Գյուղերի բնակիչները նաև ասում էին. «Մենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունենք: Մեր բնակչության մեծամասնությունը սոցիալապես անապահով է ու ծննդատունը Գյումրի տեղափոխելը լրացուցիչ հարված է լինելու մեր գրպանին: Ստիպված ենք լինելու կրկնապատիկ, եռապատիկ գումարով հասնել Գյումրի, բավական երկար ժամանակ ծախսել, գնալ, հերթերի մեջ կորել, մինչդեռ Մարալիկի ծննդատանը նման խնդիրների երբեք չենք բախվել: Ավելին, ունենք մայրեր, որոնք իրենց բալիկներին այստեղ լույս աշխարհ են բերել գիշերը 2-ին, 3-ին, կապ չունի, որ ժամին, այստեղ բժիշկները միշտ սրտացավ են ու պատրաստ են օրվա ցանկացած ժամի մեր կանանց կողքին լինել»: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր