83485 դիտում
10:52 05-01-2020
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ բախվել են BMW-ն ու Nissan-ը․ 6 վիրավորներին առաջինն օգնության են հասել MENSO ակումբի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, հունվարի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող «Մեծ Անիվ» խանութ-սրահի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Վարդկես Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 35 XS 118 համարանիշի և 22-ամյա Հովհաննես Ավոյանի վարած Nissan մակնիշի 36 QF 344 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Վ․ Հովհաննիսյանը և նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Աղաբաբյանը, ով ըստ Գ․ Շամշյանի տեղեկությունների՝ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով կապիտան է, և 31-ամյա Գոհար Աղաբաբյանը, ով ըստ Գ. Շամշյանի աշխատում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Իսկ Nissan-ի վարորդ Հ․ Ավոյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ 23-ամյա Գրիգոր Ղուկասյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Գոհար Իսրայելյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող MENSO ակումբի աշխատակիցները, ովքեր ոչ միայն վիրավորներին են ավտոմեքենայից դուրս բերել, այլև մինչև շտապօգնության ժամանումը անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել նրանց։
Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը MENSO ակումբի աշխատակիցների հետ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավոտմեքենաները, փակել գազի բալոնների փականներն ու դադարեցրել ավտոմեքենաներից առաջացած վառելիքի (բենզին և յուղ) արտահոսքը ու, չգիտես ինչու, թաղապետարանի փափկասուն չինովնիկների փոխարեն կատարել են ճանապարհի լվացման ու մաքրման աշխատանքներ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա․ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+