211652_close_icon
views-count6578 դիտում article-date 15:51 04-01-2020

Իրանի ռազմական հրամանատարի սպանությունից հետո Թեհրանը հանդես է գալիս վրեժխնդրության սպառնալիքով

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական մի գործողության արդյունքում, որն իրականացվել է Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում, սպանվել է Իրանի գեներալ մայոր Քասիմ Սուլեյմանին: Սուլեյմանին, երկրից դուրս ռազմական գործողությունների համար պատասխանատու Քուդս հատուկ ուժերի հրամանատարն էր: Նա, ըստ ԱՄՆ-ի, եղել է Մերձավոր Արեւելքում տարբեր ռազմական բախումների հեղինակը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5230776.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Սուլեյմանին սպանվել է, երբ ամերիկյան հրթիռները հարվածել են Իրանի ռազմական հրամանատարներին տեղափոխող երկու ավտոմեքենաների: Իրաքում ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ է անում բոլոր ամերիկացիներին արագ հեռանալ երկրից: Իրանի կառավարությունը մեծ վրդովմունք է արտահայտել Սուլեյմանիի սպանության կապակցությամբ ու հայտարարել , որ սա կարող է տանել դեպի պատերազմ: Բաղդադի Թահրիրի հրապարակում որոշ խմբեր ուրախությամբ են նշել հատուկ գործողության արդյունքում Սուլեյմանիի սպանության փաստը: Իրաքում Իրանի ազդեցության լծակները, հատկապես անվտանգության ծառայություններում այս երկրի ներգործությունն էին նաեւ դարձել Իրաքում մի քանի ամիս շարունակվող հակակառավարական ցույցերի պատճառ, ցույցեր, որոնց արդյունքում սպանվել է մի քանի հարյուր մարդ: Մինչ այդ ԱՄՆ-ի օդային ուժերի կողմից Իրանի աջակցությունը վայելող ռազմական ուժերի դեմ իրականացված գործողությունն էր դարձել այստեղ ԱՄՆ-ի դեսպանատունը պաշարելու պատճառ: Պենտագոնն այժմ հայտարարում է, թե Սուլեյմանիի սպանությունը ‘’պաշտպանական բնույթ ունեցող’’ գործողություն էր, պաշտպանելու համար իր պետական ծառայողներին ու զինվորականներին, ինչպես նաեւ կանխելու Իրանի հետագա հնարավոր գործողությունները: Սուլեյմանին մեծ ազդեցություն ուներ Սիրիայի ու Իրաքի պատերազմներում, ինչպես նաեւ ուներ ուժեղ կապեր Լիբանանի Հեզբուլլահ շարժման հետ: Միացյալ Նահանգներն Իրանին է մեղադրում Իրաքում ամերիկյան ուժերի, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարանների դեմ իրականացված գործողությունների համար: Սուլեյմանին Քուդս հատուկ ուժերը ղեկավարել է ավելի քան 20 տարի եւ այդ ընթացքում բազմաթիվ անգամ խույս տվել Արեւմուտքի, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի կողմից իրականացված սպանության փորձերից: Թեհրանը սպառնում է վրեժխնդրությամբ:

Նմանատիպ նյութեր