211652_close_icon
views-count3355 դիտում article-date 18:22 31-12-2019

2020 թվականին Սփյուռքում հայկական դպրոցները պիտի շարունակենք ավելացնել. Մելքոնյան համաշխարհային նախաձեռնություն

Սիրելի ընկերներ, Ահա և ավարտին է մոտենում 2019 թվականը` հագեցած բազմաթիվ կարևոր իրադարձություններով, որոնք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր կամքն անկոտրում է, իսկ մեր աջակիցները` անթիվ: Հայապահպանությունն այս տարի ևս մեր բոլոր ձեռնարկների հիմքում էր. հայկական դպրոցների ոչ միայն պահպանումը, այլև հզորացումն ու հայ նոր երեխաների ներգրավումը մեր հիմնական նպատակներից մեկն է. այդ իսկ պատճառով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի «Վաչէ և Թամար Մանուկեան» վարժարանի փակման որոշման դեմ ի սկզբանե պայքարեցինք դպրոցի սաների, նրանց ծնողների ու բոլոր մտահոգ ու հայրենանվերանձանց հետ, սակայն հասկանալով, որ ապարդյուն է, որոշեցինք հիմնել մեր սեփական` «Մելգոնեան» ավագ դպրոցը: Մեծ ուրախությամբ կարող ենք ասել, որ այն իր դռները կբացի 2020 թ. օգոստոսին և կգա ապացուցելու, որ ուծացումը Սփյուռքում այլընտրանք ունի` հայոց լեզուն ու հայ մշակույթը մենք ոչ մի գնով չենք ստորադասի: Անցնող տարում ևս մի նշանակալի դեպք տեղի ունեցավ սփյուռքյան մեկ այլ համայնքում` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, Կիպրոս-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի և նրանց ուղեկցող պատվիրակության` «Մելգոնեան» կրթական հաստատություն կատարած այցի ընթացքում Եվրոպայի և ԱՄՆ տարբեր կողմերից ժամանած հարյուրից ավել մելգոնեանցիներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ ՀԲԸՄ`վարժարանը չբացելու որոշմանն ու դրա վաճառքի մասին լուրերին: Մենք առավել քան համոզված ենք, որ Մելգոնեանը կարող է կրկին դառնալ տարածաշրջանի կրթական կենտրոններից մեկը` Սփյուռքի քարտեզի վրա դառնալով հայապահպանության մի նոր օջախ: Միաժամանակ, մեր նախաձեռնության նպատակն է ոչ միայն երիտասարդներին նոր հնարավորություններ ընձեռելը Հայաստանի սահմաններից դուրս (կրթաթոշակների տրամադրում, դպրոցների հիմնում), այլ նաև Հայաստանի ներսում բոլոր երիտասարդների համար հավասար հնարավորությունների ստեղծում: Այդ իսկ պատճառով մենք այս տարի Երևանում հիմնեցինք «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակը, որն արդեն եկող տարի կզբաղվի Երևանի ծայրամասերից մեկում կրթական, մշակութային ու երիտասարդական ժամանակակից կենտրոն հիմնելու աշխատանքով: Սիրելի ընկերներ, շնորհակալություն ենք հայտնում այս տարի ևս մեր կողքին լինելու, մեզ աջակցելու և այս կարևոր առաքելության ճանապարհին մենակ չթողնելու համար: 2020-ը լինելու է նոր հաղթանակների ու նոր ձեռքբերումների տարի: [b]«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հայաստանյան գրասենյակ[/b]

Նմանատիպ նյութեր