211652_close_icon
views-count1630 դիտում article-date 18:00 31-12-2019

Բազմաթիվ նախագծեր ուղղվել են դպրոցաշինությանն ու դպրոցների զարգացմանը. Արայիկ Հարությունյանն ամփոփել է տարին և ամանորյա ուղերձ հղել

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք. «Սիրելի՛ բարեկամներ, Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ: Այսօր դժվար թե լինի մեկը, որ հետադարձ հայացքով չի ամփոփում անցնող տարին` արձանագրելով ձեռքբերումներն ու կորուստները, նախանշելով առաջ շարժվելու նոր ուղիներ: Այս տարի մեկ հարկի տակ միավորվեցին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության այդքան փոխլրացնող ոլորտները` նոր հնարավորություններ ու մարտահրավերներ ստեղծելով մեզ համար: Վերաարժևորելով մեր միասնական նախարարության գործունեությունը, որը ժամանակի ընթացքում սկսեցին կոչել նաև բովանդակության նախարարություն, չեմ կարող չնշել, որ կրթության ոլորտում այս տարի մեկնարկեցին համակարգային բարեփոխումներ, որոնց իրական արդյունքները կզգանք տարիներ հետո, թեև դրանք միասնական ու ամենօրյա աշխատանք են պահանջում`այսօր և վաղը։ Պետք է նշեմ այն ծրագրերը, որոնք միավորեցին կրթության ու մշակույթի ներուժը` այն բազմապատկելով մեր երեխաների ու երիտասարդների միջոցով: Պետք է նշեմ մեր մշակույթի միջազգայնացման ու հանրահռչկաման համար իրականացված մեծ աշխատանքը. ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատերից ներս հնչեցին Կոմիտասի ու Թումանյանի անմահ անուններն ու բացահայտվեցին հայկական տառարվեստի գաղտնիքները: Բազմաթիվ նախագծեր ուղղվել են դպրոցաշինությանն ու դպրոցների զարգացմանը: Չէ՞ որ մեր երեխաները լավագույնին են արժանի: Սպորտի ոլորտում մեր պատասխանատուների եւ մարզիկների ու մարզիչների ջանքերի արդյունքներն էլ կունենանք Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ: Պետք է նշեմ նաև այն ջանքերը, որոնք մեր մեծ թիմը գործադրում է ամեն օր`ավելի շոշափելի արդյունքներ ու մեծ ձեռքբերումներ ունենալու նպատակով: Մենք` բոլորս, մեր ամենօրյա աշխատանքով ու կենսակերպով, մեր ընկերների, քույրերի ու եղբայրների, հարեւանների ու բարեկամների հետ միասին, մեր բաժին պատասխանատվությունն ենք կրում մեր երկրի զարգացման համար: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով մաղթում եմ բոլորիս այն ուժը, նպատակասլացությունն ու կամքը, որը Հայաստանի զարգացման երաշխավորն է: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Նմանատիպ նյութեր