55179 դիտում
18:20 29-12-2019
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. եղևնիների սպանդ Արթիկում. բնակիչները համոզմունք ունեն, որ քոքահան արված եղևնիներից է պատրաստվել Արթիկի գլխավոր տոնածառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Արթիկ քաղաքի բնակիչներից, ովքեր զայրացած ու արդարացիորեն բարձրաձայնում էին, որ անհայտ անձը կամ անձինք երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Արթիկ քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Խաղաղության զբոսայգուց», Շախմատի տան հարևանությամբ քոքից կտրել են հսկայական եղևնիներ:
Ինչպես Արթիկից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները մատնացույց անելով նշված վայրը, ասում էին. «Տեսնես ով կամ ովքեր են այն սրիկաները, որ անմարդկային կերպով ծառերի սպանդ են իրականացրել:
Քոքից կտրել են մի քանի հաստաբուն եղևնի: Մենք ունենք կասկածներ, որ դրանք կտրվել են Արթիկի Գլխավոր տոնածառի համար, սակայն դա պետք է պարզեն ոստիկանները: Եթե իրոք պարզվի, որ մի քանի օրվա հաճույքի համար Արթիկի քաղաքապետարանի պաշտոնյաները բնության նկատմամբ նման վանդալիզմ են իրականացրել, ապա կարելի է թույլ տվողներին ու կտրողներին պարտադրել, որպեսզի նշված այգին ոչ միայն բարեկարգեն, այլ մի 100 հատ էլ եղևնի տնկեն: Իհարկե, նաև ենթարկվեն պատասխանատվության»:
Ֆոտոլրագրողի հարցին, թե որքանով են վստահ, որ Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներն են արել, մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Կրակն առանց ծուխ չի լինում: Մենք վստահ ենք, որ մեր քաղաքի գլխավոր տոնածառը հենց այդ եղևնիներից են սարքել: Մենք վստահ ենք դրանում նաև այն պատճառով, որ ծառերի սպանդի հետ կապված մեր ահազանգերին քաղաքապետարանի որևէ պաշտոնյա առ այսօր չի արձագանքել»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+