211652_close_icon
views-count3817 դիտում article-date 10:39 28-12-2019

Ես ունեմ ավելի ֆանտաստիկ ծրագիր, որի իրագործման մեջ տեսնում եմ նաև իմ առաքելությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «2000-ականների սկզբին ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը փորձ էր արել իրականացնել նախագիծ, որը կոչվում էր «Հայաստան-2020»: Նպատակն էր փորձագետների միջոցով պարզել, թե ինչ պիտի իրենից ներկայացնի մեր երկիրը 20 տարի հետո: Նախագիծն այդպես էլ կիսատ մնաց. չեմ հիշում, թե որն էր ընդհատման պաշտոնապես հայտարարված պատճառը, բայց իրականում շատ դժվար էր դա իրականացնել փորձագիտական մակարդակով, քանի չկար հասարակության նպատակաուղղվածությունը, չկար այն վեկտորը, որով պետք է շարժվեր պետությունը: Գուցե շատերը չեն հիշում, թե ինչ էր կատարվում այդ ժամանակահատվածում. օլիգարխների թիկնապահները «ասֆալտին էին փռում» հասարակ քաղաքացիներին, մարդուն կարող էին սպանել՝ նախագահին սխալ բարևելու համար, փակվել էր միակ անկախ հեռուստաընկերությունը, «Հայլուրը» գրեթե ամեն օր վայրահաչում էր ընդդիմադիրների հասցեին: Այդ մթնոլորտում ապագայի վերաբերյալ քիչ թե շատ իրատեսական ծրագրեր կազմելը, մեղմ ասած, անբնական կլիներ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ես այն տարիներին երբեմն խմբագրականի փոխարեն գրում էի «Հայաստան-2020» երգիծական շարքը, դիմելով հակաուտոպիայի ժանրին: Այսինքն՝ ինչ կլինի, եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես գնում է: Օրինակ, իշխանությունը 2000-ականների սկզբին (ինչպես նաև դրանից առաջ և հետո) օգտագործում էր իրավական «մահակը»՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Ես ուզում էի պատկերացնել, թե ինչ կփոխվի, եթե այդպես շարունակվի մինչև 2020 թվականը: Պարզ չէ՞ ինչը: Անունները: Եվ ես փոխում էի անունները և ներկայացնում էի այն, ինչ կատարվում էր, ասենք, 2003 թվականին փոփոխված անուններով և պաշտոններով, տեղափոխելով դա 2020 թվական: Ստացվում էր, որ նրանք, ովքեր 2003-ին չարիքներ էին գործում, 2020-ին հայտնվում էին այդ չարիքներից բողոքողների դերում: Այն ժամանակ, երբ ես դա գրում էի, դա ծիծաղելի էր, բայց այսօր, երբ կանխատեսումն իրականացավ, և առաջվա ճնշողները դարձել են ճնշվողներ ու բողոքում են անարդարությունից, դա ոչ մեկին առանձնապես չի զվարճացնում: Բայց ես չեմ ուզում ասել, որ 20 տարում ոչինչ չի փոխվել: Դա սուտ է: Մի օրինաչափություն, որը կրկնվում էր 1996, 2003 և 2013 թվականներին, «կոտրվեց». նա, ով իշխում էր և, ի հեճուկս ժողովրդի ցանկության, ցանկանում էր շարունակել մնալ իր աթոռին, 2018-ին չկարողացավ դա անել: Անցնող տարվա ընթացքում մենք ունեինք իշխանություն, որին, անկախ իր որակներից, ընտրել է Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը: Այդ կարևոր հանգամանքը հնարավորություն է տալիս քիչ թե շատ իրատեսական ծրագրեր կազմել 2040 թվականի վերաբերյալ: Այդ ծրագրերը պիտի է լինեն հավակնոտ, պետք չէ վախենալ ընկնել երազանքների մեջ: Նախ՝ հաջորդ 20 տարվա ընթացքում պետք է փոխվի այն, ինչ չի փոխվել նախորդ 20 տարում՝ մասնավորապես ստեղծվի անկախ դատական համակարգ և ձևավորվեն քաղաքական իշխանության պատվերները չկատարող իրավապահ մարմիններ: Հասկանում եմ, որ դա շատ հանդուգն երազանք է Հայաստանի համար: Բայց ես ունեմ ավելի ֆանտաստիկ ծրագիր, որի իրագործման մեջ տեսնում եմ նաև իմ առաքելությունը՝ որ Հայաստանում գերիշխի սիրո, համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր