211652_close_icon
views-count1674 դիտում article-date 18:50 27-12-2019

ՀՀ արդարադատության նախկին նախարարը 2 դրվագով առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու համար քրգործով ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 2010թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցրած Հ. Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Հ. Թ.-ն ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորման և 2 նոտարների կողմից երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին, պատասխանատու լինելով նոտարական գործունեության ապահովման համար, 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Հ. Թ.-ն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն: Այնուհետև, շահադիտական դրդումներով՝ իր ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձանց միջոցով, օգտագործելով 2 նոտարների կախյալ վիճակը՝ 2013թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք են բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում, Հ. Թ.-ն հիշյալ նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800.000 ՀՀ դրամ վարձավճար՝ ընդհանուր 11.200.000 ՀՀ դրամ: Բացի այդ, 2012թ. փետրվարին, Հ. Թ.-ն, շահադիտական դրդումներով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ՝ իր օգտին օգտագործելով, արդարադատության նախարարության՝ իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով, աշխատանքից ազատելու, գործունեությունը կասեցնելու վերաբերյալ պարբերաբար սպառնալիքներ տալու եղանակով միջամտել է ինքնակառավարման սկզբունքով գործող նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՀ նոտարական պալատի կառավարմանը, հարկադրել է պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը: Վերջինս սպառնալիքների ազդեցության ներքո, չունենալով այլընտրանք, կախյալ վիճակից ելնելով, նոտարական պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններում 2012 թվականի փետրվարի 20-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով ամսական 300.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալել է 50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, որպես գրասենյակային տարածք, օգտագործման համար ոչ բարվոք վիճակում գտնվող, մինչև նոտարական պալատի կողմից վարձակալելն այլ անձանց կողմից 50.000 ՀՀ դրամ վճարով, իսկ այնուհետև՝ 85.000 ՀՀ դրամ վճարով վարձակալված հիշյալ անշարժ գույքը: Արդյունքում՝ Հ. Թ.-ն մինչև վարձակալության պայմանագրի լուծումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ը, նոտարական պալատից ստացել է ընդհանուր՝ 10.020.000 ՀՀ դրամի չափով վարձավճար: Հարկադրված պայմաններում վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո նոտարական պալատի բնականոն գործունեությունն ապահովելու համար աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով կիսավարտ վիճակում գտնվող վերը նշված՝ Հ.Թ.-ին փաստացի պատկանող տարածքում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, որի դիմաց նոտարական պալատի բյուջեից ծախսվել է 2.467.000 ՀՀ դրամ գումար: Այսպիսով, Հ. Թ.-ին վերագրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ ՀՀ գլխավոր դատախազի 26.12.2019թ. որոշմամբ Հ. Թ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով երկու դրվագ նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների առերևույթ կատարման համար նշված գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ սահմանված կարգով նրան մեղադրանք առաջադրելու համար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: .................................................................................... Նկատի ունենալով, որ տարատեսակ անհիմն մեկնաբանություններ են հնչում՝ կապված ինչպես ՀՀ ՍԴ նախագահի գործառույթային անձեռնմխելիության, այնպես էլ քրեական հետապնդման հարուցման համար Սահմանադրական դատարանի համաձայնությունն ստանալու հետ՝ հարկ ենք համարում այդ կապակցության նշել հետևյալը: ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Այսինքն, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը, ի տարբերություն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության, Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանում է բացառապես գործառույթային անձեռնմխելիություն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարության այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ: Այլ խոսքով, քրեական վարույթի կարգը, այդ թվում՝ դատավարության մասնակիցների դատավարական իրավունքների և պարտականությունների շրջանակը, այդ իրավունքների իրացման ընթացակարգերը և դրանց ապահովման երաշխիքները ծավալային և բովանդակային առումով սահմանվում են տվյալ վարույթի իրականացման ժամանակ գործող օրենքով: Բացառություն նախատեսված է միայն այն դեպքերի համար, երբ վարույթ նախաձեռնելուց հետո է միայն փոխվում դատավարական ընթացակարգը և, ի տարբերություն վարույթ նախաձեռնելու պահին գործող օրենքի, վերացնում կամ սահմանափակում է դատավարության մասնակիցների իրավունքները կամ այլ կերպ վատթարացնում նրանց վիճակը: Ներկայումս Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն զբաղեցնող Հ. Թ.-ին մեղսագրվում են ենթադրյալ հանցանքներ, որոնք կատարվել են նրա՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, այսինքն՝ 2010-2014 թվականներին։ Թեև Հ. Թ.-ի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու պահին գործել է 2005 թվականի Սահմանադրությունը, սակայն 2010-2014 թվականներին ենթադրաբար կատարված և վերջինիս մեղսագրվող հանցագործությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է 2019 թվականի օգոստոսին, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառութային անձեռնմխելիություն սահմանող իրավադրույթն ուժի մեջ մտնելուց հետո: Հետևաբար, հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանին մեղսագրվում են արաքներ, որոնք, կապված չեն որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ Սահմանադրական դատարանի նախագահ նրա լիազորությունների հետ, վերջինիս քրեական հետապնդման ենթարկելու՝ ՀՀ սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված որպես մեղադրյալ ներգրավելու բարդեցված դատավարական ընթացակարգը հաղթահարելու իրավական անհրաժեշտությունը բացակայում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր