211652_close_icon
views-count1728 դիտում article-date 17:00 27-12-2019

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Չինաստանում է

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ հանդես է գալու հյուրախաղերով: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Չինաստանում մասնակցել է հյուրախաղերին նվիրված մամուլի ասուլիսին, որը նախաձեռնել է ՉԺՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: Պադարյանը կարևորել է նմանատիպ շրջագայության կազմակերպումը: «Շրջագայությունն անցացվելու է Շանհայ, Շենժեն, Ուսի, Չանշույ, Չանչժոու, Լիշույ, Սյամին, Ուհան, Պեկին քաղաքներում և ներառելու է 10 համերգ: Հայ, ռուս և արևմտաեվրոպպացի կոմպոզիտորական դպրոցների գոհարները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, հնչելու են այդ համերգների ընթացքում»,-ասել է Արման Պադարյանը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը նույնպես կարևորել է նման շրջագայության կազմակերպումը, որն առավել կամրապնդի երկու բարեկամ ժողովուրդների միջև առկա մշակութային սերտ համագործակցությունը: Տեղեկացնենք, որ հյուրախաղերը կազմակերպվել են Չինաստանի Armstrong International Music և Անգլիայի Wright Music Management գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀԲԸՄ-ի, «Իմ քայլը» հիմնադրամի և այլ բարերարների աջակցությամբ: ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և նվագախմբի անունից ասուլիսին հնչել է շնորհակալական խոսք՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու շրջագայության բոլոր աջակիցներին: Armstrong International Music-ի ղեկավար Վրեյ Արմստրոնգն առաձնահատուկ շեշտել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը եվրոպական լավագույն կոլեկտիվներից է, որը Չինաստանում հանդես է գալիս առաջին անգամ: Նվագախումբը վստահ է՝ երկուստեք անդրանիկ համագործակցությունը հետագա երկարատև ընկերության սկիզբն է: Չինացի կլարնետահար Թոնի Շենը շրջագայության ընթացքում կմիանա նվագախմբին՝ Մոցարտի Կլարնետի կոնցերտի կատարումով: Նա մամուլի ասուլիսի ընթացքում հատված ներկայացրեց կոնցերտից՝ իր կատարողական տաղանդով հիացնելով ներկաներին: Նշենք, որ մամուլի ասուլիսին մասնակցել են Չինաստանի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն, ովքեր հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղել ասուլիսի մասնակիցներին

Նմանատիպ նյութեր