211652_close_icon
views-count3564 դիտում article-date 10:53 27-12-2019

Մեր պատմությունը գնահատելու հարցում հասարակական կոնսենսուս չկա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս զրուցում էի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ, և նա ինձ հայտնեց, որ Հայոց պատմության նոր քառահատոր ակադեմիական հետազոտության մեջ ինստիտուտը որոշել է կանգ առնել 1991 թվականի վրա: Այդ մոտեցումն ինձ տրամաբանական է թվում. վերջին 28 տարվա իրադարձությունների հիմնական դերակատարները հիմնականում ողջ-առողջ են (Աստված նրանց երկար կյանք տա), կան քաղաքական ուժեր, կան բազմաթիվ մարդիկ, որոնք խիստ շահագրգռված են, որ այդ իրադարձությունները ներկայացվեն այս կամ այն կերպ: Նման պայմաններում պարզապես անհնարին է խիստ գիտական, չեզոք, անաչառ շարադրանքը, որովհետև հասարակության մեջ չկա կոնսենսուս, թե ինչպես է պետք գնահատել մեր պատմության այս վերջին ժամանակահատվածը: Օրինակ, 1992-94 թվականները «ցրտի-մթի» տարինե՞ր էին (քոչարյանական քարոզչության թեթև ձեռքով), թե՞ մեր ժողովրդի հաղթանակի տարիներ: Ավելին՝ եթե նույնիսկ այս պահիս կա ձևավորված հասարակական կարծիք կոնկրետ իրադարձության կամ երևույթի վերաբերյալ, ապա կարելի է փաստել, որ այդ կարծիքն էլ է խիստ փոփոխական: Ճիշտ նույն ձևով «Մարտի 1-ի» վերաբերյալ հեղափոխությունից առաջ մի բան է դասագրքերում գրվել, հեղափոխությունից հետո, հավանաբար, կգրվի մեկ այլ բան: Ընդ որում, ենթադրում եմ, «պլյուսն» ու «մինուսը» տեղերով կփոխվեն: «Մարտի 1-ը» դեռ ոչինչ՝ Հայաստանի առաջին հանրապետության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը և, հետևաբար, պատմաբանների մոտեցումները փոխվում են նրանից, թե ինչպիսի հարաբերություն ունի օրվա իշխանությունը Դաշնակցության հետ՝ մերթ 1918-20 թվականները մեզ մոտ մաքուր «ավազակապետություն» էր, մերթ՝ երկնային դրախտ: «Ապրիլյան պատերազմի» հարցում նույնպես վերաբերմունքը պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով՝ այժմ խնդիր կա պաշտոնական մակարդակով ապացուցելու, որ ամեն ինչ գողացած էր, զենք-զինամթերք չկար, զինվորները կռվում էին բահերով և ընդհանրապես դա «պայմանավորված պատերազմ» էր, բայց բացառված չէ, որ, ասենք, հինգ տարի հետո սկսեն խոսել այն մասին, թե որքան իմաստուն էր և հեռատես այն ժամանակվա քաղաքական ու զինվորական ղեկավարությունը: «Հոկտեմբերի 27»-ն, իհարկե, կոնկրետ հանցագործություն է, որի կատարողները հայտնի են, իսկ կազմակերպիչներն ու հովանավորները՝ ոչ: Հայաստանի բոլոր քաղաքացիները, աշխարհի բոլոր հայերը ցանկանում են, որ դատարանի առջև կանգնեն նաև նրանք, ովքեր դրդել են ահաբեկիչներին և նպաստել ոճրագործությանը: Իսկ որ նման մարդիկ կան, ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում: Բայց ես խիստ թերահավատ եմ, որ այս պահիս հնարավոր է ճշմարտությունը պարզել: Կլինեն լրագրողական հոդվածներ, ֆեյսբուքյան «ստատուսներ», հարցազրույցներ, քննարկումներ, տարբեր մարդիկ իրենց և իրենց խմբի շահերից ելնելով առաջ կքաշեն այս կամ այն վարկածը: Գործընթացն այսպիսով լինելու է զուտ քաղաքական: Արդյո՞ք դա նպաստելու է հանցագործության բացահայտմանը: Գուցե հակառա՞կը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր