211652_close_icon
views-count2503 դիտում article-date 23:56 26-12-2019

Հայկ Մարությանին մի անգամ փողոցում տեսա, շատ ջերմ բարեւեցինք իրար. Լեւոն Քոչարյան

Մեր մասին, եթե ինչ-որ բացասական բան կա հասարակության մեջ, ինչ-որ տեղ հասկանում եմ, քանի որ տարիներ շարունակ գիտեք ինչեր են տարածվել, նույն այս մարդիկ, ինչեր են գրել, սուտ, կեղծիք, ինչ-որ տեղ հասկանում ես, բայց երբ տեսնում ես Հենրիխ Մխիթարյանի մայրմի բան է ասում ու սկսվում է նույն գրոհը այդ ընտանիքի հանդեպ, հասկանում ես, որ ուրիշ տեղ է խնդիրը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26–ին, ասել է [url=https://168.am/2019/12/26/1230159.html]168.аm[/url]-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով իրենց ընտանիքի հանդեպ հասարակության վերաբերմունքին։ Նրա խոսքով՝ իրենց ընտանիքի հանդեպ ուղղակի սպառնալիքներ չի նկատել եւ ազատ զբոսնում է քաղաքում. «Ես ոտքով քայլելով եմ եկել ձեր հաղորդմանը։ Ոչ նախկինում, ոչ էլ հիմա ես եւ մեր ընտանիքի որեւէ անդամ երբեք խնդիր չենք ունեցել փողոցում քայլելու, քայլում ենք առանց թիկնապահի։ Մենք չունենք այդ վախի զգացողությունը։ Փողոցում մարդիկ են մոտենում ու աջակցություն են հայտնում, կան մարդիկ, որոնք վատ են զգում մեղքի զգացումով, որ ինչ-որ բաների են հավատացել, բայց վերջին 1,5-2 տարվա ընթացքում հասկացել են, որ այնքան էլ ճիշտ չէ այն կարծիքը, որ իրենք ունեին շատ հարցերի շուրջ»։ Նրա խոսքով՝ իր հոր 10 տարվա նախագահության ընթացքում, իր, քրոջ եւ եղբոր հետ մեկ անգամ 1 հոգի թիկնապահ եղել է միայն 2003 թվականի ընտրությունների 2–3 ամիսներին։ «Դրանից բացի, մենք երբեւէ թիկնապահ չենք ունեցել, թիկնապահի կարիք չենք ունեցել։ Տան մեքենան Գազ-3110 է եղել, շատ երկար տարիներ, գրեթե մինչեւ 2006–2007 թվականները, հետո է փոխվել արտասահմանյանով։ Երբեք այդպիսի խնդիր դրված չի եղել, նույնիսկ այդ մեկ թիկնապահն էլ, որ մեր կողքին էր լինում, առանձին մեքենա հատկացված չէր նրա համար։ Այդ ամեն ինչն այնքա՜ն հեռու էր մեզանից»։ Լեւոն Քոչարյանի խոսքով՝ կան մարդիկ, որոնց հետ ժամանակին շփվել են եւ հիմա նրանցից մի քանիսը իշխանության մեջ են, բայց ինքը խնդիր չի տեսնում շփումը շարունակելու համար։ «Նույն Հայկ Մարությանին մի անգամ փողոցում տեսա, շատ ջերմ բարեւեցինք իրար, երեւի ամիսներ առաջ էր։ Ես անձնական հարթությունում խնդիր չունեմ, եթե իհարկե ինչ-որ սահման կա եւ իրենք այն չեն անցնում։ Իհարկե, կային մարդիկ, որոնք թույլատրելի սահմանն անցան, անունը դնելով քաղաքականություն, բայց մարդկայի՛ն սահմանը անցան։ Չեմ ուզում անունը նշել, մի քիչ շատ կլինի իր համար»,– ասել է Լեւոն Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր