211652_close_icon
views-count2331 դիտում article-date 16:52 26-12-2019

Սամվել Ուզունյանի կողմից սահմանը հատելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի ՀՀ պետական սահմանը հատելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով: «Հայաստանի Հանրապետության տարածքից Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի հնարավոր ելքը կանխելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման պայմաններում նրա՝ ՀՀ «Զվարթնոց» սահմանային անցակետով ՀՀ-ից մեկնելու դեպքի առթիվ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ և ընդունվել ՀՀ ՀՔԾ վարույթ»,- նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը հատել էր ՀՀ պետական սահմանը և որոշում էր կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Ավելի վաղ, ոստիկանությունից հայտնել էին, որ Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել են փամփուշտներ, որի հանգամանքները պարզվում են, սակայն չէին մանրամասնել, թե որտեղ է հիմա գտնվում Ուզունյանը: Ըստ մամուլում տարած տեղեկությունների` Սամվել Ուզունյանը մեկնելիս է եղել Մոսկվա՝ Երևան-Մոսկվա չվերթով, և հենց «Զվարթնոց» օդանավակայանում են նրա ուղեբեռը ստուգելիս հայտնաբերել փամփուշտը: Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն: Սամվել Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել 51 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ:

Նմանատիպ նյութեր