211652_close_icon
views-count1585 դիտում article-date 16:40 26-12-2019

Վերջին օրերին ԵՊՀ-ի դեպքը շատ քննարկվում է․ պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ․ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Վարչապետը նշեց ռազմավարության ենթատեքստի մասին: «Ենթատեքստն այն է, որ երբ ՀՀ-ում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, դա նշանակում է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Մեծ շրջանակի հաշվով նորություն չկա»,-ասաց նա և կարևորեց, որ պետք է խոստովանել, որ ՀՀ-ում խաղաղ հավաքներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքեր են եղել: «Այո, պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում մենք, այդ ավանդույթից եկած ոստիկանությունը, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները, պետական ծառայողները չարդարացված ագրեսիվություն են ներկայացնում մարդկանց համար, և դա կոնկրետ պատճառ ունի՝ դա բավարար կրթության, իրազեկվածության, գրագիտության պակասն է, բայց որպեսզի մենք այս պրոբլեմը լուծենք, պետք է առաջին հերթին խոստովանենք դա: Հիմա վերջին օրերին ԵՊՀ-ի դեպքը շատ քննարկվում է, պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որը իր հետ պետք է բերի հետևանքներ, այո, դրա քաղաքական պատասխանատուն մենք ենք, բայց պետք է հանրության համար կասկած չմնա՝ մենք ուզում ենք այդպես լինի, թե մենք աշխատում ենք, որ այդպես չլինի: Մենք այսօր երկու վիճակ ունենք. մի կողմից այսօր կա չափազանցված ագրեսիվության պրոբլեմ, և երբ շատ հետևողականորեն պայքարում ես դրանց դեմ, սկսում է համակարգում չափազանցված պասիվության պրոբլեմ»,-ասաց նա և հավանական համարեց, որ արդյունքում կարող է մարդու աչքի առաջ գողություն է լինում, ինքը ասում է՝ այն կողմ կնայեմ: «Մենք հարցերից չենք փախչելու, առերեսվելու ենք հարցերին: Ոչ մի խնդրից չենք փախչելու և այս երևույթների դեմ և հանուն մարդու իրավունքների պայքարում ոչ մի ավելի շահագրգիռ մարմին, կազմակերպություն չի լինելու, քան կառավարությունը, ես բացառում եմ այդպիսի բան: Զինված ուժերի դեպքերի առնչության հարցում պաշտպանության նախարարից ավելի շահագրգիռ մարդ ՀՀ-ում չի լինելու, դա է նախարարի կոչումը և առաքելությունը: Որ ոստիկանը լինի գրագետ, զերծ մնա անհամաչափ ուժի կիրառումից, դրանից ավելի շահագրգիռ մարդ, քան ՀՀ ոստիկանության պետը չի լինելու: Մարդու իրավունքների պաշտպանության առաջնորդությունը, կներեք պարոն Թաթոյան, ստանձնում է ՀՀ կառավարությունը»,-ասաց նա և կարևորեց նաև Պաշտպանի, ՀԿ-ների դերն ու աշխատանքը:

Նմանատիպ նյութեր