211652_close_icon
views-count2468 դիտում article-date 15:31 26-12-2019

Հայաստանը միանում է Պոմպիդու խմբին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի անդամակցության առաջարկությանը: Կառավարության հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խումբը (Պոմպիդու խումբ) հանդիսանում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մասնագիտացած միջկառավարական մարմիններից մեկը, ունի մասնակի համաձայնագրի կարգավիճակ։ Խումբը բաղկացած է ԵԽ անդամ և դիտորդ 39 երկրից։ Խմբին անդամակցում են նաև ԵԽ ոչ անդամ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ալժիրը, Թունիսը, Եգիպտոսը, Լիբանանը, Հորդանանը։ Պոմպիդու խմբի անդամավճարը կազմում է տարեկան 3.472 եվրո։ Ընդ որում, Պոմպիդու խմբին անդամակցած նոր անդամի առաջին տարվա անդամավճարը հաշվարկվում է օրական հիմքով՝ սկսած անդամակցության օրվանից։ Խմբի գործունեության հիմնական նպատակը պետական մակարդակով թմրամիջոցների դեմ պայքարին նպաստելն է՝ քննարկումների, փորձի, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև կարողությունների ամրապնդման միջոցով։ Հաշվի առնելով Պոմպիդու խմբում համագործակցության ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև ցածր անդամավճարը՝ Պոմպիդու խմբին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը և այս կառույցի հետ ՀՀ համագործակցությունը կարող է խթանել թմրամիջոցների դեմ պայքարի գործում ազգային մակարդակով իրականացվող աշխատանքների և միջազգային համագործակցության արդյունավետությունը՝ ՀՀ բյուջեից ֆինանսական ոչ մեծ ծախսեր ներգրավելով։ ՀՀ կառավարության որոշման նախագծով հնարավորություն կստեղծվի Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի Հանրապետության անդամակցության համար։ ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվի Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների հետ մեկտեղ կազմակերպության մասնագիտացած մարմիններում ևս Հայաստանի Հանրապետության համապարփակ ներգրավվածությունը և մասնակցությունը՝ ի նպաստ ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության ընդգրկուն համագործակցության, և կբարձրանա Պոմպիդու խմբի համագործակցությունից բխող թմրամիջոցների դեմ պայքարի գործում ազգային մակարդակով աշխատանքների արդյունավետությունն ու միջազգային համագործակցության ամրապնդումը։

Նմանատիպ նյութեր