211652_close_icon
views-count2574 դիտում article-date 15:55 26-12-2019

Տարին փակում ենք լավ տրամադրությամբ․ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վիճակագրության կոմիտեի հրապարակած ռեկորդային ցուցանիշներին: Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,1 տոկոս: «Շատ կարևոր է, որ նոյեմբերի ցուցանիշներով արտահանման աճ ունենք 25,7 տոկոսով, առևտրի շրջանառությունն աճել է 11,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11,6 տոկոսով, շինարարությունը 4,8 տոկոսով: Այս տարվա 11 ամիսների ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս, արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոս, արտահանման աճը՝ 9 տոկոս: Սրանք իսկապես բավականին լավ ցուցանիշներ են: Ի վերջո սրանք արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ արտահանման նման բարձր աճի կառուցվածքին՝ նշելով. «11 ամիսների ընթացքում ունենք կոնյակի արտահանման մոտ 27 տոկոսով: Սա շատ կարևոր է, որովհետև ուղիղ ձևով ապահովում է գյուղատնտեսության զարգացումը: Կարծում ենք՝ այս ուղղությամբ զարգացումները շարունակվելու են առաջիկա տարիներին՝ հատկապես հաշվի առնելով, որ գինիների արտահանումը 11 ամիսներին աճել է 55 տոկոսով, իսկ մրգային գինիների արտահանումն աճել է 75 տոկոսով: Սա նոր զարգացում է ՀՀ տնտեսության մեջ: Ունեցել ենք բուսական ծագման արտադրանքի արտահաման աճ 18,5 տոկոսով: Շատ մեծ աճ ունենք հատկապես վարունգի և ելակի արտահանման ուղղությամբ: Շոկոլադի արտադրանքի արտահանման աճը կազմել է շուրջ 15 տոկոս: Կարծում ենք, որ տարին կամփոփենք 7,5 տոկոս տնտեսական աճով, իսկ արտահանման աճը կլինի 10 տոկոս»,- ասաց էկոնոմիկայի նախարարը՝ հավելելով, որ այդ ցուցանիշները իրատեսական են: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ընդգծեց, որ իրենք կիսում են Էկոնոմիկայի նախարարի կանխատեսումը, իրենք ներկայացրել են 7,3-7,4 տոկոս տնտեսական աճ՝ ռիսկերը վերև:

Նմանատիպ նյութեր