1357 դիտում
16:10 26-12-2019
Մայր Աթոռը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հյուրընկալել է հատուկ կարիքներով երեխաների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 25-ի երեկոյան, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Արևներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցության կենտրոնի սաները, «Մարի Իզմիրլյան» մանկատան հատուկ կարիքավոր երեխաները, «Ջերմիկ անկյուն» կազմակերպության 18 տարին լրացած մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անդամները և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հովանու ներքո գտնվող անապահով ընտանիքների զավակները` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորներ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի և Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի:
Թվով շուրջ 250 մանուկների ու պատանիների և նրանց ծնողների ու խնամակալների այցելության կապակցությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակն ու «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տունը կազմակերպել էին հանդիսություն, որին ներկա գտնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կիսելով երեխաների ուրախությունը:
Հանդիսության ավարտին Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին Հայոց Հայրապետին` հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և հոգենորոգ տոների առիթով նրանց ուրախություն պարգևելու համար: «Արևներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցության կենտրոնի պատասխանատու Գրիգոր քահանան մասնավոր շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը` հանդիսության մասնակիցներին տեղեկացնելով, որ վերջերս Մայր Աթոռի կողմից Երևան քաղաքում անհրաժեշտ տարածք է հատկացվել կենտրոնի գործունեության համար:
Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհավորելով գալիս տոների առիթով և մաղթելով լավատեսական ոգով հայացքը ուղղել դեպի նոր տարին` հավատքով, որ Աստված Իր առատ օրհնությունները կհեղի նրանց կյանքից ներս:
«Այս գեղեցիկ առիթով կուզեմ իմ գնահատանքի խոսքն արտահայտել այն ծնողներին ու խնամակալներին, որոնք սիրով, հանձնառությամբ, զոհոբերության ոգով և բարձր գիտակցությամբ ամեն ջանք ի գործ են դնում, որ մեր զավակներին ուրախություն պարգևեն և լիարժեք կյանքի մասնակից դարձնեն նրանց», - ասաց Նորին Սրբությունը՝ կարևորելով նման կարիքներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքը:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ուղղեց քահանա հայերին, որոնց իրենց հովվական առաքելության մեջ մասնավոր ուշադրություն են դարձնում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների և նրանց ընտանիքների նկատմամբ՝ իրենց աշխատանքով ջանալով զորացնել նրանց հավատը և լավատեսության ոգին: Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց նաև գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին համար:
Բարի Ամանոր մաղթելով բոլոր մանուկներին, ներկա ծնողներին ու ընտանիքներին` Հայոց Հովվապետը հայցեց Երկնավոր Տիրոջից, որ Սուրբ Ծննդյան շնորհները զարդարեն նրանց կյանքի ընթացքը և շարունակեն ապրել Աստծով զորացած: «Իմացեք, որ Եկեղեցին ձեր կողքին է և ձեզ հետ է: Ձեր քայլերը միշտ ուղղեք դեպի եկեղեցի, որտեղ օրհնությունն է, որտեղ հրաշքն է գործում Աստծո միջոցով և հավատքի զորությամբ: Վստահ ենք, որ Աստված ձեր կյանքում նույնպես այդ հրաշքները պիտի կատարի», - պատգամեց Հայոց Հայրապետը:
Հանդիսությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունը բաշխեց յուրաքանչյուր մանուկին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
2372 դիտում
16:49 30-12-2015
Մայր Աթոռը հրապարակել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը
2137 դիտում
12:40 27-12-2019
Մայր Աթոռը հրապարակել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Այս բաժնից
829 դիտում
18:36 24-11-2024
Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ
970 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1183 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը