211652_close_icon
views-count4256 դիտում article-date 10:39 26-12-2019

Հուսահատության Գազելներից ելք կա՞․ իրա­վիճակի վատթարացումը բերելու է անդառնա­լի կորուստների․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլևս հնա­րավոր չէ՝ ժամանակն անցել է: Ես այլևս երբեք տիեզերագնաց չեմ դառնա: «Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» այլևս երբեք իրենց «խորհրդա­յին» հզորություններով չեն աշխատի: Ռուսաստա­նին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակնե­րում փաստացի նվիրած տնտեսական միավորնե­րը երբեք հնարավոր չի լինի հետ վերցնել [հնա­րավոր է միայն աստղաբաշխական գումարներով գնել]: Ճիշտ նույն ձևով Երևանում երբեք չի լինի տրամվայների երթուղիների ցանց, որը գոյություն ուներ 1970-80-ական թվականներին: Ինչո՞ւ հիշեցի այդ տրամվայների մասին: Որով­հետև տեսնում եմ, թե ինչ է կատարվում մայրա­քաղաքում: Շաբաթվա ցանկացած օր՝ աշխա­տանքային և ոչ աշխատանքային, գրեթե ցանկա­ցած ժամի՝ «պիկ» և «ոչ պիկ», Երևանի որոշակի հատվածներում մեքենաների այնպիսի կուտակում է, որ, ասենք, Կիևյան փողոցից Շիրվանզադեի դպրոց կարելի է մի քանի անգամ ավելի արագ հասնել ոտքով, բան որևէ տրանսպորտով: Մեքե­նաները շատ-շատ են՝ ընտանիքներ կան, որտեղ ընտանիքի 4 անդամներից յուրաքանչյուրն ունի իր ավտոմեքենան, և դրանք ամենևին մեծահա­րուստների ընտանիքներ չեն՝ միջին խավի ներկայացուցիչներ են՝ վարկերի տակ ճկված: Բայց այդ մարդիկ ճարահատյալ մեքենա են առնում՝ ոչ նոր, «փակովի», «գրովի» կամ «բանկովի», որովհետև գործնականում ոչ մի տարբերակ չունեն քաղաքա­յին տրանսպորտով աշխատանքի հասնելու կամ երեխային դպրոց տանելու: Իհարկե, կան նաև «հուսահատության գազելները»: Բայց ախր դրանք չափից դուրս հուսահատ են, որովհետև գալիս են, երբ իրենց հարմար է և ուղևոր են տեղափոխում՝ ստորացնելով մարդկանց արժանապատվությունը: (Գազելների վարորդներն այստեղ, բնականաբար, ոչ մի մեղք չունեն): Շվեյցարիայում միլիոնատերերն աշխատանքի են գնում հասարակական տրանսպորտով: Որովհետև և՛ միլիոնատերերն են ուրիշ, և՛ տրանսպորտը: Երևանն այդ առումով երբեք Ցյուրիխ կամ Ժնև չի դառնա՝ դրա համար պետք են ոչ միայն ավտո­բուսների, այլև տրոլեյբուսների և տրամվայների զարգացած ցանցեր: (Այսօրվա երևանյան տրանսպորտային քաոսում հատուկենտ տրոլեյ­բուսները ոնց որ դինոզավրեր լինեն): Այդպիսի ցանցեր ստեղծելը թանկարժեք և անիմաստ գործունեություն կլիներ՝ նույնն է, որ խելքը կորցրած մի բարերար փորձի «Նաիրիտը» վերագործարկել կամ ես փորձեմ տիեզերագնաց դառնալ: Ժամանակն անցել է: Բայց ժամանակը շարունակում է անցնել, և իրա­վիճակի վատթարացումը բերելու է նոր անդառնա­լի կորուստների: Մեկ տարի քաղաքային ներկա իշխանությունները «քննում» էին տրանսպորտային ցանցի նոր սխեման, որը քաղաքային նախորդ իշ­խանությունը պատվիրել էր բրիտանական WYG ընկերությանը՝ 850 հազար դոլարով: (Մի երկու տարի էլ «նախկիններն» էին քննում): Եթե 2020 թվականին այս «քննությունը» շարունակվի, Երև­անում «Ա» կետից «Բ» կետը հնարավոր կլինի տե­ղափոխվել միայն ուղղաթիռով։ Վերջին հույսը օլիգարխների նվիրատվություններն են: Կամ գուցե շեյխերի՞»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր