211652_close_icon
views-count6181 դիտում article-date 10:59 25-12-2019

Ի՞նչ իմաստ ունի արտիստներին հայհոյելը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առանորդողը գրում է․ «Քիչ թե շատ ժողովրդավարական հասարակություններում իշխանություններին հակադրվելը, նրանց համար տհաճ կարծիքներ հնչեցնելը վտանգավոր զբաղմունք չէ՝ առավել ևս հիմա: Բայց եթե դա ճիշտ է, ապա երիցս ճիշտ է նաև այն, որ իշխանության ընդդիմախոսներին «քլնգելը» բացարձակապես քաղաքացիական արիություն չի պահանջում: «Վերնատունը» սրիկաների հավաքածու է», «Վազգեն Մանուկյանն ու Դավիթ Շահնազարյանը թալանչիների խոսնակներն են»՝ ի՞նչ է դա տալիս իմացաբանական առումով: Անդրադառնալ այդ գործիչների ասածի բովանդակությանը, համաձայնել կամ չհամաձայնել նրանց հետ, իհարկե, արժե: Բայց անիմաստ անեծքներով օդ ցնցելը կարող է երկու բացատրություն ունենալ: Կա՛մ մտնում են իշխանությունների, այսպես ասենք, աչքը՝ ինչ-որ ակնկալիքներով: Կա՛մ էլ մարդկանց սրտերը վառվում են ատելությունից, և լուտանքներն այդ կարևոր օրգանը հովացնելու հատկություն ունեն: Բայց եթե քաղաքական գործիչների հանդեպ նման բուռն զգացմունքները կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, ապա նույն վերաբերմունքն արտիստների նկատմամբ պարզապես ապշեցուցիչ է: Արվեստի ու շոու-բիզնեսի ներկայացուցիչների՝ Քոչարյանին սատարումը վատ էր կազմակերպված. պետք էր հանդիպել յուրաքանչյուրին և ստանալ անձնական ստորագրությունը և ոչ թե զանգահարել նրանց և լսել «կեսբերան համաձայնությունը», որից այդ մարդկանցից շատերը հրաժարվեցին՝ ընկնելով ֆեյսբուքյան ակտիվիստների և ակտիվիստուհիների «դռբի տակ»: Բոլոր դեպքերում իրենց տեսակետն արտահայտած արտիստներին հայհոյելու միջոցով ինքնահաստատվելն ինձ տարօրինակ է թվում: Անձամբ ես առանձնապես մեծ խնդիր չեմ տեսնում, եթե Քոչարյանը բուն դատավարությունը սկսելուց առաջ ազատության մեջ լինի: Ահռելի նյութական ռեսուրս ունեցող անձնավորությունը կարող է ազդեցություն ունենալ իրադարձությունների վրա թե՛ «ԱԱԾ նկուղից», թե՛ իր առանձնատնից: Երկրորդ նախագահի «աջակցի» տեսագրությունը, որը ոստիկանությունը հրապարակել էր՝ ի հաստատումն այն բանի, որ Քոչարյանին չի կարելի ազատ արձակել, ինձ վրա բավականին կացնային քարոզչության տպավորություն է թողել: Ինձ համար ակնհայտ է նաև, որ ոչ մի դատավոր այլևս չի համարձակվի փոխել Երկրորդ նախագահի խափանման միջոցը՝ հաշվի առնելով այն, թե ինչ են արել նման որոշում կայացած դատավորների հետ: Բայց չեմ պատրաստվում միանալ նաև Քոչարյանին ազատելու կոչերին, ինչը կնշանակեր, որ աջակցում եմ «մեծ հումանիստին», «անմեղ մարդուն» կամ «քաղհալածյալին». իմ կարծիքով նա մղոններով հեռու է այդ կոչումներից: Բնականաբար, չեմ միանում նաև առանց դատ-դատաստանի գնդակահարելու կոչերին՝ իրավագիտակցության խնդիր է: Անհատապես ես Քոչարյանին ներում եմ: Վերջերս գլխի ընկա, որ ռուսերեն «простить» բառն «ազգակցական կապեր» ունի «упростить» բառի հետ: Նա, ով ներում է, այդպիսով պարզեցնում է, հեշտացնում է իր կյանքը, ազատվում է բացասական բեռից: Բայց պետությունն այս փուլում իրավունք չունի Երկրորդ նախագահին ներելու, որովհետև այդպիսով բարդացնելու է մեր՝ քաղաքացիներիս կյանքը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր