211652_close_icon
views-count214315 դիտում article-date 22:07 24-12-2019

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Դիլիջանում. սպանվել է բանտից ազատված 32-ամյա քաղաքացին, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներ է ստացել. դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Հովիկ Խաչատրյանի, նույն վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Տավուշի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանն ու Տավուշի մարզի դատախազության դատախազներ Ազատ Մարգարյանն ու Գագիկ Այվազյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Մեսրոպ Խառատյանն էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը եղել է դատապարտված և վերջերս էր ազատվել։ Փաստի առթիվ Տավուշի քննչական վարչության պետ Հ. Խաչատրյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, և խմբի ղեկավարի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ սպանությունը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի «Քարահունջ» հացատան դիմաց, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մի 14 պարկուճ։ Սպանության վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական ըումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը։ Այս պահին Տավուշի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 14 հատ պարկուճ, արնանման հետքեր։ Սպանության վայրից ևս 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սպանվածի ազգականն է՝ 23-ամյա Սուրեն Մանուչարյանը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև BMW X6 մակնիշի 10 MM 444 համարանիշի և Kia Sorento մակնիշի 93 ՏM 003 համարանիշի ավտոմեքենաները։ BMW X6-ը պատկանել է սպանվածին, իսկ Kia Sorento-ն՝ վիրավորին։ Կրակոցների արդյունքում վնասվել է նաև նշված օբյեկտի դիմաց կայանված Jeep Grand Cherokee մակնիշի 35 MZ 259 համարանիշի ավտոմեքենան։ Երջանիկ պատահականություն է, որ այլ քաղաքացիներ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետևանքով չեն տուժել։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Էս կրակոցների ու սպանության մեղավորը, առաջին հերթին, էս մեր Տավուշի մարզի դատավորներն են։ Վերջին ժամանակներս ինչքան կրիմինալ կրակոցներ ու դեպքեր են լինում, սաղ մեղավոր են գտնում էս մեր մարզի դատավորների մեջ։ Էս սպանվածը 2013 թվականին մարդ էր սպանել, ու մենք վստահ ենք, որ չի բացառվում, որ սա վրեժխնդրություն՝ վենդետա լինի։ Հիմա մենք կողքից կանգնած՝ տեսնում ենք, թե ոնց են ոստիկանները, քննիչներն ու դատախազները դեպքի վայրում աշխատում։ Այ, հիմա կարեի էր էդ դատավորներին իրենց փափուկ անկողիններից հանել, բերել էստեղ ու ասել՝ դե վայելեք ձեր էփած բորշչը։ Ինչքա՞ն մարդ պետք է սպանվի, որ էս մեր Տավուշի մարզի որոշ դատավորներ շողուլի գան։ Բարձրագույն դատական խորհրդի անդամները լավ կանեն՝ էս մեր Տավուշի մարզի դատավորների՝ վերջին տարիներին կայացրած վճիռներով մի հատ ծառայողական քննություն անցկացնեն, ու վստահ ենք՝ ջրի երես դուրս կգան բազմաթիվ ոչ իրավաչափ կայացրած վճիռներ, որոնց հետևանքով անընդհատ զոհերի ու վիրավորների մասին լուրեր ենք ստանում»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր