211652_close_icon
views-count3390 դիտում article-date 17:53 23-12-2019

Եզրափակվել է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը

Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը եզրափակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին նվիրված սիմֆոնիկ համերգով։ Ծրագրում ներկայացվեցին Արամ Խաչատրյանի և չին կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երեկոյի սկզբում ներկաներին իր խոսքն ուղղեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։ Նա‚ մասնավորապես‚ նշեց‚ որ Չինաստանի վերջին 70 տարիների զարգացման պատմությունը գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը։ «Մենք ստեղծել ենք չինական առանձնահատկությամբ սոցիալիզմ‚ ինչի շնորհիվ մուտք ենք գործել սոցիալական արդիականության նոր ժամանակաշրջան»‚- ասաց դեսպանը։ Նա անդրադարձավ հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ շեշտելով‚ որ 2019 թվականը հայ-չինական հարաբերությունների զարգացման բավականին արդյունավետ տարի էր. մասնավորապես‚ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին‚ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտգործնախարար Վան Ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Չինաստանը Հայաստանի երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է։ Երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է ՀՀ-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու համաձայնագիր‚ որն ուժի մեջ կմտնի շուտով։ Ըստ դեսպանի՝ 2020թ. շարունակվելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ‚ որը հիմնված է փոխադարձ հարգանքի‚ հավասարության և փոխշահավետության վրա։ «Մեր աշխատանքի արդյունքները ծառայելու են հօգուտ երկու երկրների և երկու ժողովուրդների»‚- իր խոսքն ամփոփեց դեսպանը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նախարարության անունից շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակի առթիվ։ «Մենք ուրախությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական‚ տեխնոլոգիական‚ նորարարական առաջընթացին և մշակութային վերելքին։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի զարգացումը։ Կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կարևոր բաղադրիչ է մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու համար։ Կրթության ոլորտում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ»‚- ասաց փոխնախարարը։ Անդրադառնալով հայ-չինական մշակութային կապերին՝ Նարինե Խաչատուրյանը նշեց‚ որ դրանք ունեն դարավոր պատմություն և ամուր հիմքեր. երկու երկրներում հաճախ կազմակերպվում են միջոցառումներ‚ որոնք խթանում են‚ վերահաստատում և ամրապնդում են մեր բարեկամական երկրների մշակութային կապերը և ծանոթացնում հանրությանը մեր երկրների բազմադարյա մշակույթին։ Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին հայտնի չին կոմպոզիտորների ստեղծագործություններ‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան դաշնակահար Մելոդի Ճաոն և ջութակահար Քսե Հաոմինգը։ Վերջինս կատարեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Քսե Հաոմինգը տեղեկացրեց‚ որ խաչատրյանական կոնցերտն առաջին անգամ չէ‚ որ նվագում է‚ այն‚ ըստ ջութակահարի‚ ունի ազգային երանգներ‚ հայկական կոլորիտ։ Ջութակահարը նշեց նաև‚ որ Խաչատրյանը բավականին հայտնի ու սիրված կոմպոզիտոր է Չինաստանում։ Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Յուան Ճաոն և Սերգեյ Սմբատյանը։ Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կազմակերպել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր