211652_close_icon
views-count1975 դիտում article-date 11:44 23-12-2019

Տոնական նվերներ և բարեմաղթանքներ՝ երջանիկ տոնածառի ճյուղերի տակ. «Be Happy» նախաձեռնությունը ինքնատիպ բարեգործական ակցիա է իրականացնում Երևանի կենտրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Be Happy նախաձեռնությունը դեկտեմբերի 21-ից հունվարի 13-ն ինքնատիպ բարեգործական ակցիա է իրականացնում Հյուսիսային պողոտայում: Երևանյան ամենասիրելի վայրերից մեկում տեղադրվել է յուրատեսակ տոնածառ և յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի նվերներ և բարեմաղթանքներ թողնել տոնածառի ճյուղերի տակ: Be Happy նախաձեռնությունը հավաքված նվերներն ու բարեմաղթանքները կուղարկի Հայաստանի տարբեր ծայրերում ապրող և այդ իրերի կարիքն ունեցող մարդկանց, ովքեր հավատում են Ամանորի հրաշքին՝ ամենուր տարածելով երջանկություն: «Ամանորը զուգորդվում է հրաշքի, երջանկության հետ: Եվ երջանկությունը լիարժեք չի լինում, եթե չես կարողանում կիսվել դրանով: Երջանիկ տոնածառը հնարավորություն է տալիս կիսվել երջանկությամբ այն մարդկանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն: Այդպիսով՝ այս նախաձեռնության միջոցով յուրաքանչյուր ոք կարող է երջանկանալ և երջանկացնել մյուսներին: Մեզնից յուրաքանչյուրը կարող է դառնալ մեկուրիշի Ձմեռ պապը.հենց դա է Ամանորի հրաշքի առեղծվածը»,-նշում են Be Happy նախաձեռնության հեղինակները: Ակցիայի շրջանակում երջանիկ տոնածառի ճյուղերի տակ դրվող նվերները պետք է լինեն նոր կամ գրեթե նոր վիճակում.սա միակ պարտադիր պայմանն է: Նվերները բաժանվելու են բարեգործական կազմակերպությունների միջոցով, որոնք մշտապես իրականացնում են այդ գործը: Տոնածառը հիմնական գործառույթներն իրականացնելու է ամեն օր ժամը 18:00-22:00-ի ընթացքում՝ բոլոր օրերին ներկայացնելով հետաքրքիր ծրագիր: Be Happy-ն ոչ կոմերցիոն նախաձեռնություն է, շարժում, որը միտված է երջանկություն տարածել: Նախաձեռնության հեղինակները տարբեր ոլորտների մարդիկ են, ովքեր միավորվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Նրանք չեն ասելու, թե ինչպես կարելի է երջանկանալ, քանի որ յուրաքանչյուր մարդ ինքը գիտի՝ որն է իր համար երջանկությունը և դրան հասնելու ճանապարհը ամեն մեկի համար յուրովի է: Նախաձեռնության հեղինակները, սակայն, վստահ են, որ մարդիկ պետք է պլանավորեն երջանկությունը, ստեղծեն այն, երջանկանան և երջանկացնեն ուրիշներին: Հյուսիսային պողոտայում անցկացվող ակցիան իր մեջ է կրում այս ողջ գաղափարախոսությունը: Նշենք նաև, որ Be Happy նախաձեռնությունն իր էջում ներկայացնում է ամենատարբեր ոլորտների՝ հայտնի և ոչ այդքան ճանաչված մարդկանց կարծիքը երջանկության մասին: Նախաձեռնության կարճ հոլովակներում կհանդիպեք զանազան հայտնի մարդկանց, մասնագետների և, ով գիտե, միգուցե հենց ձեր հարևանին կամ բարեկամին, որտեղ նրանք կկիսվեն երջանկության իրենց պատկերացմամբ: Այս հոլովակներում մարդիկ պատասխանում են մի քանի պարզ հարցի՝ «Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը» և «Ի՞նչ եք անում Դուք՝ երջանկությանը հասնելու համար կամ եթե հասել եք՝ այն պահելու համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր