211652_close_icon
views-count1628 դիտում article-date 23:15 21-12-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքների հետ

Ընտանիքի տարվա շրջանակներում դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներից ժամանած բազմազավակ ընտանիքների՝ ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի: Հայցելով Նորին Սրբության օրհնությունը բազմազավակ ընտանիքների մեծահասակ և կրտսեր անդամների համար՝ Առաքել Սրբազանն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես եղել է ընտանեկան արժեքների պահապանն ու քարոզիչը, ուժեղ և ամուր ընտանիքը հզոր պետականության հիմք նկատել: Իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ուխտավորներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ ընտանիքը հասարակության արժեհամակարգի և լուսավոր ապագայի հիմքն է: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ առողջ և արատավոր երևույթներից զերծ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ընտանիքը հաստատվի քրիստոնեական արժեքների և բարոյականության վրա, ուր պետք է գերիշխի փոխադարձ հարգանքն ու սերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը փաստեց, որ հայ ընտանիքները մշտապես ապրել են քրիստոնեական հավատքով ու արժեքներով, հայ ծնողները նախանձախնդրորեն հետևել և կյանքի են վերածել իրենց սուրբ հայրերից փոխանցված հոգևոր արժեքները՝ կերտելով հայ քրիստոնյայի իրենց նկարագիրը: Հայոց Հովվապետի խոսքի համաձայն, այս ճանապարհով է, որ հայ ժողովուրդը պիտի լինի հզոր և գոյատևի դարերի բարդ հոլովույթներում, այդ ոգին, նկարագիրը և հայորդիներին բնորոշ զորեղ հավատքն է և նույն հավատքով իր կյանքն արարելու վճռականությունն է, որ ուժ է տալիս հայ ժողովրդին ապրելու և ստեղծագործելու: Գարեգին Երկրորդ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ հայորդիների ուխտագնացությունն ամենայն հայոց հոգևոր կենտրոն վկայում է նրանց հավատի, սիրո և սրբությունների ու հոգևոր ժառանգության հանդեպ ունեցած իրենց նախանձախնդրության մասին: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցելությունը Սուրբ Էջմիածին անջնջելի հետք կթողնի ընտանիքների բոլոր անդամների վրա՝ ներշնչելով նրանց նոր արարումների՝ հանուն հայրենիքի և Մայր Եկեղեցու: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդորեց ուխտավոր հայորդիներին հավատարիմ մնալ ընտանեկան ավանդական արժեքներին, հետևել Քրիստոսի կենարար պատգամներին, ապրել հավատքով և առ Աստված սիրով, որպեսզի իրենց ընտանեկան հարկերից ներս անպակաս լինի Աստծո օրհնությունը: Վերջում Նորին Սրբությունն ուխտավորներին ընծայեց խաչիկներ:

Նմանատիպ նյութեր